«Օջանալի ու Դեմիրթաշի միջև առանձին հաշիվներ կան». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ակնարկելով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, Էրդողանը նշել է, որ վերջիններիս միջև կան որոշակի տարաձայնություններ։
Էրդողանի պնդմամբ՝ Դեմիրթաշը պատասխան է տալու Օջալանին։
«Տպավորություն է, թե ամեն ինչ վարդագույն է։ Բայց ոչ, այդպես չէ։ Նրանց միջև առանձին հաշիվներ կան»,-ասել է նա։
Էրդողանը, նկատի ունենալով, որ HDP-ն կառավարվում է PKK-ի կողմից, ասել է․ «PKK-ից ուղղորդվող այս կուսակցությունը որոշելու համար, թե ինչ է ասի, ինչ անի և ինչպես անի, սպասում է լեռներում գտնվող զինյալների թույլտվությանը, որոնք պատգամավորների սիրելիներն են»։
Էրդողանի խոսքով՝ քրդամետ կուսակցության պատգամավորների պատվո շքանշաններն այն մանուկներն են, որոնց առևանգել և տարել են PKK-ի ճամբարներ։
Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով դադարեցնել HDP-ի գործունեությունը։ Ըստ թուրքական իշխանությունների՝ հիշյալ կուսակցությունն աջակցում է ահաբեկչությանը։