Երկրի ախտը վերացնելու կարևոր լիդերը կարող է հանդիսանալ եկեղեցին. Արթուր Համբարձումյան
Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից լավ սպասելիքներ չունի:
«Թուրքիան ներկայացված է լինելու պատկառելի փորձ ունեցող դիվանագետով, ով հունվարի 14-ի հանդիպումից մի քանի օր առաջ հանդիպել է Թուրքիայի Պաշտպանության նախարարի հետ: Սրանով ուզում են ցույց տալ, որ Թուրքիան ոչ միայն այս հարցերի լուծումը դիտարկում է դիվանագիտական մակարդակում, այլ նաև ռազմական: Հիմա ինչ ենք մենք սրան հակադարձում. Ռուբեն Ռուբինյան՝ մի կողմից, և պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյան: Այս հանդիպմանը մենք գնում ենք ոտաբոբիկ: Իրենք հիմա առաջ են քաշում նոր նախապայմաններ. դա Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքն է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Համբարձումյանը:
Ըստ նրա՝ երկրի ներքաղաքական վիճակը կարող է կայունացնել եկեղեցին:
«Երկրի ախտը վերացնելու կարևոր լիդերը կարող է հանդիսանալ եկեղեցին, եթե սկսի խոսել ոչ թե նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել 2000 տարի առաջ՝ Մերձավոր Արևելքում՝ Հիսուս Քրիստոսի հետ, այլ խոսի այն հազարավոր տղաների մասին, ովքեր նահատակվել են մեր աչքի առջև: Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը ծիծաղի մեզ վրա: Պետք է մենք ընդհանուր մեր ընթացքը վերանայենք: Անընդհատ ասում են՝ վերջին 30 տարին… վերջին 30 տարին շատ տարբեր է եղել: Մենք առաջին հերթին պետք է ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին 4 տարում: Այո, պետք է տարանջատենք 2008, 2018..»,- նշեց Արթուր Համբարձումյանը: