Արարա՛տ Միրզոյան, չի՛ կարելի կրկնել նույն քաղաքական տհասությունը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հունվարի 11-ին եղել է Վարդենիսում և հարակից մի քանի գյուղերում:

«Սա այլևս տպավորություն չէ: Մենք ապրում ենք բացարձակ անիշխանության պայմաններում: Գյուղացին չգիտի՝ մտնի՞ տուն, թե՞ չէ: Տեղական իշխանությունները որևէ տեղից տեղեկություն չէին կարողանում ստանալ, թե ինչ անեն, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը: Ինձ զարմացրեց նաև այն, որ որևէ քաղաքական գործիչ, ինձանից բացի, ես այնտեղ չտեսա: Հայաստանի սուվերեն սահմանին տեղի են ունենում ռազմական գործողություններ: Ըստ էության՝ սա պատերազմ է, և այսօր, երբ դու պատերազմի մեջ ես, երբ Ադրբեջանի հետ ունես ոչ թե սահման, այլ ճակատ, և ռազմականացված գոտում սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց՝ սա պետական դավաճանություն է:

Իմ վերլուծությունը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանը Սոչում և Բրյուսելում բանավոր ստանձնած պարտավորություններ ունի՝ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, իմ տպավորությամբ, ինքը փորձում է հերթական անգամ ֆռռացնել խոշոր խաղացողներին և ձգել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:

Ադրբեջանը չի սպասելու, Թուրքիան չի սպասելու, տարածաշրջանով շահագրգիռ խոշոր խաղացողները չեն սպասելու: Ադրբեջանական նախիրը 2021թ. մայիսի 12-ից գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, և երեկ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը ես համարում եմ քաղաքական բռակ: Արարա՛տ Միրզոյան, չի՛ կարելի կրկնել նույն քաղաքական տհասությունը, ասել՝ հայելային, երկկողմանի հետ քաշեք զորքերը:  Մենք մտել ենք Ադրբեջանի սուվերեն տարա՞ծք: Ադրբեջանը 41 կմ ներխուժել է ՀՀ տարածք»,- ասուլիսի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Ղազախստան զորք ուղարկելուն՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Փաշինյանը չէր կարող չստորագրել զորքերը Ղազախստան ուղարկելու համար:

«Դրա համար մեր խորհրդարանական ընդդիմությունը լռում է, ավելին, պաշտպանում է այդ քայլը: Բայց որ Հայաստանն իր զորամիավորումներից ո՛չ 70, ո՛չ 100 հոգի չպետք է ուղարկեր Ղազախստան, դրա համար քաղաքական և ռազմական հստակ հիմնավորում կար. Հայաստանն այսօր գտնվում է պատերազմի մեջ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյացիոն, ստրկաբարո, թրքահաճո, ճորտատիրական կապիտուլյացիոն պայմանագրով պատերազմը չի ավարտվել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս