«Մարդիկ, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել, նրանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը». Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի Ամանորին խանութներում աստղաբաշխական գներով վաճառվող կեռասի ու թզի մասին խոսակցություններից։
«Մեր ամանորյա սեղանը շատ համեստ է եղել, որովհետև շատ կարճ ժամանակ ենք անցկացրել տանը և վերադարձել ենք աշխատանքի։ Խոստանում եմ, կհետաքրքրվեմ, արդյո՞ք նման գներ եղել են, թե՞ ոչ, ինքս նման տեղեկատվություն չունեմ, որպեսզի մեկնաբանեմ»,- ասաց Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով ընդհանրապես գնաճին, Վահն Քերոբյանն ընդունեց, որ երկրում կա գնաճ, դեկտեմբերի ցուցանիշը 7,7 տոկոս է, որն ավելի քիչ էր, քան նոյեմբերի ցուցանիշը։
«Կառավարությունը և առաջին հերթին Կենտրոնական բանկը շատ մտահոգ են ինֆլյացիան զսպելու հարցում, որովհետև դա անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի ցուցանիշի վրա, սա մեր աշխատանքի հիմնական նպատակն է, որպեսզի մարդիկ ապրեն ավելի բարեկեցիկ։ Եթե նայեք կառավարության նիստերը, գրեթե ամեն անգամ նախագծեր ենք ներկայացնում մարդկանց համար, որպեսզի նրանք ավելի լավ ապրեն»,- նշեց Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին և ընդդիմության քննադատություններին, որ իշխանությունը, ասֆալտ փռելուց զատ, որևէ բանով չի զբաղվում, Վահան Քերոբյանն ասաց, որ ասֆալտ փռելը գործողությունների մի մասն է, քանի որ իրենց գործունեությունը բազմազան է և վերաբերում է կրթությանը, գիտությանը, առողջապահությանը և կյանքի բոլոր ոլորտներին։
«Այն մարդիկ, որոնք մեզ քննադատում են, թող իրենց հարց տան, թե ինչու են Հայաստանից բոլոր գիտնականները գնացել, ինչու են բոլոր մարդիկ հիվանդ և ինչու է մեր կրթական համակարգը գտնվել բարձիթողի վիճակում։ Եթե վերադառնանք խաղաղությանը, ապա այստեղ խաղաղությունը շատ փոխկապակցված է կոռուպցիային, որովհետև մարդիկ, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել և կայացրել, այդ մարդկանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը»,- շեշտեց նախարարը։