«Մարդկանց անվտանգությունն ո՞ւր մնաց». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգությանը, բնակչության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի բացառապես ռազմական ու քաղաքական տեսանկյունից մոտենալ այս հարցերին։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Ի՞նչ է նշանակում անվտանգություն, դա մեզ բոլորիս է վերաբերում, ինչպե՞ս մենք կարող ենք մարդուց կտրել իր անվտանգությանը վերաբերող հարցերը, հետևաբար՝ մենք պետք է մեր պետական քաղաքականության հիմքում դնենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Օրինակ, գոյություն ունի միջազգային իրավաբանություն, որն ասում է, եթե սահմանային վիճելի հարցերում կան կադաստրային փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, մենք պետք է դա հիմք ընդունենք։ Տեսեք, թե որքան լայն հնարավորություններ ունենք»,- նշեց Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին և այդ համատեքստում մարդկանց իրավունքների պաշտպանությանը։

Նա ընդգծեց, որ եթե շարունակեն մարդուց ու նրա իրավունքներից կտրել անվտանգությունը՝ կզրկվեն նաև անվտանգությունից։ Պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության  մեխանիզմներով։

«Հատուկ ուզում եմ նշել, որ այս մոտեցումները նաև հնարավորություններ կտան պաշտպանել մեր զինվորներին, սահմանապահներին, ոստիկանության և ԱԻՆ ծառայողներին։ Պատկերացնո՞ւմ եք, մենք նրանց բոլորին հետ քաշենք, բա ո՞վ է մեր իրական երաշխիքը լինելու։ Եթե միջազգային մոնիտորինգն առանց մեզ եկավ և մեր իրավունքների հաշվին ներկա գտնվեց այնտեղ, մեր քաղաքացիները կարողանալո՞ւ են իրենց իրավունքներն իրացնել։ Կամ նրանք խախտումներ թույլ տվեցին, ինչպե՞ս ենք մեր պետության ներսի մեխանիզմներն ապահովելու։ Մենք որքան շատ ռազմական ու քաղաքական տեսանկյունից այս հարցերը դիտարկենք, այնքան մենք մեզ կտրելու ենք միջազգային մեխնիզմներից։ Երկրները, որոնք տարել են այս քաղաքականությունը, նրանք են պաշտպանել, առաջ տարել այս մոտեցումները։ Չպետք է  սահմանափակենք ինքներս մեր ձեռքերը և որքան կոնկրետ լինենք, այնքան լավ։ Ներքին քաղաքական որոշ դժգոհություններ առաջ չբերելու համար, քաղաքական որոշ պաշտոնյաներ ասում են, թե դա իրենց տարածքն է, մենք ոչինչ չենք կարող անել, բա մարդկանց անվտանգությունն ո՞ւր մնաց»,- հարցով եզրափակեց միտքը Արման Թաթոյանը։

Տեսանյութեր

Լրահոս