Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի հակառեկորդ են արձանագրել
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 80 430-ով, ինչը դարձել է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 12-ին հրապարակված տվյալները:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր նոյեմբերի 25-ին, երբ մեկ օրում հայտնաբերել էին վարակման 75 961 դեպք: Համավարակի սկզբից վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 7 661 811 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել է 384 հիվանդ: Համավարակի ամբողջ ընթացքում մահացու վախճաների ընդհանուր քանակը Գերմանիայում հասել է 114 735-ի: 83,2 միլիոն բնակչությամբ երկրում ապաքինվել է ավելի քան 6,2 միլիոն մարդ:
Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության հատուկ գնահատման նախնական արդյունքների համաձայն՝ ԳԴՀ-ում մահացության տարեկան ցուցանիշը 1946 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնի նշագիծը՝ կազմելով 1 016 899:
Մահացության այդքան մեծ բացարձակ մեծությունը բացատրվում է XX դարի կեսի համեմատությամբ երկրի բնակչության էականորեն աճած թվաքանակով եւ դրա կառուցվածքում տարեց մարդկանց բաժնի ավելացմամբ: Ինչպես հետեւում է գերատեսչության նյութերից, մահացածների տարեկան թվի աճի արագացման պատճառներից մեկը նաեւ դարձել է համավարակը. 2019-ից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակամիջոցում մահացության աճը կազմել է շուրջ 8 տոկոս՝ 2 – 4 անգամ գերազանցելով փորձագետների կանխատեսումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: