«Իրականում մենք գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի, գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին ու զինված ոտնձգություններին: Մասնավորապես, անդրադառնալով երեկ Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին և դրա հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների,  3 ժամկետային զինծառայողների  զոհվելու հանգամանքին՝ ՄԻՊ-ն ասաց.

«Կարծում եմ՝ այսօր ՀՀ գործող պետական քաղաքականությունն ընթանում է  սխալ ուղղությամբ և անտեսում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Նախ, մենք պետք է հասկանանք մեկ հստակ բան, որ այս բոլոր խախտումների իրական պատճառը, իրական աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն է։ Սա ոչ այնքան ու ոչ միայն հռետորաբանություն է, ինչպես հանդիպել եմ տարբեր դեպքերում, այլ երկար տարիների կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է։ Վերցրեք կրթության ոլորտը, գիտություն, մշակույթ, սպորտ՝ ամբողջությամբ կարմիր թելով անցնում է հայատյացությունն ու թշնամանքը։ Անգամ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի առիթով հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ մեծացած սերունդ՝ նկատի ունի հայերին»։

Նա հատուկ ընդգծեց, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը չի ավարտվելու, որովհետև այս քաղաքականությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի ու քաղաքական սնուցման աղբյուրն է։ Այլ կերպ ասած՝ սա Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է, այդ պատճառով սա նպատակային քաղաքականություն է՝ արմենաֆոբիայի մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել նրանց սեփական խնդիրներից։

«Այնպիսի համակարգ է ստեղծված, որը, բնականաբար, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքների և ժողովրդավարության համակարգը։ Այն ամենը, ինչ ասում եմ, հիմնավորված է կոնկրետ փաստերով, սա նաև քաղաքականություն է, որը ողջ աշխարհում թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին։ Հետևաբար՝ կարևոր նշանակություն ունի նաև արձանագրել, որ այս ամենի պայմաններում, քանի դեռ այս բոլոր գործոնները կան, ադրբեջանական կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, դրանք շղարշ են՝ իրենց իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Իրականում մենք գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս