«Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ արժե խաղաղությունը, ես գիտեմ. խաղաղությունն ունի շատ մեծ գին, և այդ գինը հայ ժողովուրդը վերջին 30 տարիներին վճարել է ամեն տարի». Վահան Քերոբյան

«Բնականաբար, երբ  կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, այդտեղ առաջնորդվեց քաղաքական նկատառումներով։ Որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, մենք պատկերացնում ենք, որ ուշի ուշով պետք է հետևենք այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են, նկատի ունենալով  նաև այս սահմանափակումների ներդրումը, և այնպես անենք, որ իրենց, այսպես ասած, կայացումը հանկարծ չվտանգվի, և նրանք դուրս չմնան շուկայից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը։

Նախարարը վստահեցրեց, որ իրենք հետևում են իրավիճակին, եթե խնդիրներ  ծագեն, և տեսնեն, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, որովհետև իրենց բիզնեսն այնքան  չի կայացել, որ  դիմանան  թուրքական ապրանքների մրցակցությանը, այդ պարագայում կներդնեն որոշակի ծրագրեր ներդրողներին պաշտպանելու համար։

«Իմ հարցազրույցներում ասել եմ, որ անձամբ կողմնակից եմ եղել արգելքի երկարացմանը, բնականաբար, ամեն ինչ էլ հնարավոր էր, սակայն կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասնական նման որոշում են կայացրել»,- հավելեց նախարարը։

Լրագրողի հարցին, թե նման որոշում է  կայացվել «խաղաղության դարաշրջանի» շրջանակներո՞ւմ, Վահան Քերոբյանը  հարցով պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ արժե խաղաղությունը, ես գիտեմ, շատ եմ ցավում մեր զոհված տղաների, քաղաքացիների համար, ամբողջ էությամբ ցավակցում եմ ժողովրդին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նման կոնֆլիկտներ եղել են նախորդ 30 տարվա ընթացքում անընդհատ, բայց թուրքական ապրանքները միաժամանակ բաց են եղել։ Ես չեմ ուզում այս հարցի մեջ շատ խորանանք, բայց կառավարությունը, բնականաբար, ամեն ինչ անում է, որպեսզի զոհեր չունենանք, հաստատվի երկարատև խաղաղություն՝ Հայաստանի համար ընդունելի պայմաններով, որպեսզի մենք կարողանանք մտածել երկարատև ծրագրերի մասին։ Խաղաղությունն ունի շատ մեծ գին, և այդ գինը հայ ժողովուրդը վերջին 30 տարիներին վճարել է ամեն տարի, այդ խաղաղության բացակայության գինը։ Դրա պատճառով է, որ մենք ունենք ահռելի խնդիրներ»։

Տեսանյութեր

Լրահոս