«Կոչերը ոչինչ են, քայլեր են պետք». Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿՈՉԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ, ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Երեկ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի զինծառայողները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել էին հայ վարորդի ավտոմեքենային ու վնասել այն։
Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումից տեղեկացանք, որ նման միջադեպ տեղի է ունեցել նաև հունվարի 2-ին․ թշնամու զինծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել և վնասել են մեքենան, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան։
Նման հանցագործություններն առաջին հերթին նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել, այնպես անել, որ մարդիկ վախից այլևս Արցախ չմեկնեն, իսկ Արցախի բնակչությունն իրեն էլ ավելի միայնակ, լքված ու թշնամու կողմից լիակատար շրջապատված զգա, որպես հետևանք՝ հեռանա Արցախից։
Այն, որ Ադրբեջանը շարունակելու է Արցախի հայաթափմանն ուղղված իր այս հանցավոր գործողությունները, կասկած չկա։
Կոչերն ու հորդորները՝ “չվախենալ”, “չտրվել “սադրանքներին””, ոչինչ են, ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐ։
Անհրաժեշտ է ապահովել մեր բնակիչների անվտանգությունը։
Անհրաժեշտ է հասնել նրան, որ ադրբեջանական ծառայողները ՀՀ և ԱՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ՉԼԻՆԵՆ:
Ցավոք, այդ ուղղությամբ գործուն քայլեր առ այսօր չեն տարվել և առերևույթ չեն էլ տարվում։ Մինչդեռ հայկական կողմի անգործությունը, լռությունը, չտեսնելու տալը, հանդուրժելը թշնամու կողմից ընկալվում է որպես թուլության նշան և կանաչ լույս՝ էլ ավելի սանձարձակ ու լկտի լինելու իրենց հակահայ գործողություններում։»