Ատրճանակի փողի տակ բանակցող Փաշինյանը հազարավորներին պառկեցրեց հողի տակ. խանգարում էին Թուրքիայի հետ հարաբերություններին. Անդրանիկ Թևանյան
Հունվարի 14-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել էր, որ Ստոկհոլմում արդեն հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ու արդեն ընկերներ են դարձել, իսկ բանագնաց Ռուբինյանի վերաբերյալ շեշտել էր՝ Ռուբինյանը բարի նպատակներ ունի և լավ գիտելիքներ Թուրքիայի մասին։
Թուրք արտգործնախարարը բանագնացների հանդիպումից առաջ նաև հավելել է՝ հայկական կողմը Ցեղասպանության հարցը չի բարձրացնի, որովհետև գիտի՝ դա իրատեսական չէ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հունվարի 14-ին սպասվող մոսկովյան հանդիպմանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց՝ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ բարեկամության, որովհետև մեր երկրում իշխանությունը սերվել է հենց թրքահպատակ միջավայրից։
«Նիկոլ Փաշինյանն էլ քաղաքական անբարոյական միջավայրի ծնունդ է, որից էլ բնական է, որ պետք է ծնվեր Արցախից հրաժարվելու բանաձևը։ Հենց այդ անբարոյական միջավայրից ծնված լինելու հետևանքն է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն խանգարում էին Արցախն ու այն հազարավոր տղաները, որոնց Փաշինյանը պառկեցրեց հողի տակ։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ Ռուբեն Ռուբինյանն իրականում փոստատար է աշխատելու, որովհետև քննարկվող բոլոր հարցերը կարգավորվել են հայ-թուրքական կուլիսներում և լուծվելու են Փաշինյանի հետ շփումների արդյունքում, ավելին՝ դրանք մեծ հաշվով արդեն որոշված են, և Ռուբինյանին մնալու է միայն փոստատարի գործառույթը, այնպես որ, ես չէի կենտրոնանա այդ անձի վրա, փոխարենը՝ կկենտրոնանամ բանակցային բովանդակության վրա, որը, եթե նախկինում այլ էր, որովհետև Հայաստանը պատերազմում հաղթած կողմ էր, հիմա՝ բոլորովին այլ է, ուստի, երբ ասում են, թե հայկական կողմը առանց նախապայմանների է բանակցելու, դրա մեջ բլեֆ կա, որովհետև այդ բանակցություններն ընթանալու են բացառապես թուրքական նախապայմաններով, իսկ հայկական կողմն ունի ընդամենը խնդրանքներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրանիկ Թևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և անձամբ Փաշինյանը զբաղված են աշխարհաքաղաքական մարմնավաճառությամբ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ պահպանել աթոռը։
«Ուստի, եթե այդ աթոռի պահպանմանը նպաստի անգամ Թուրքիա Հայաստանից զորախումբ ուղարկելը՝ ընդդեմ քրդերի, Փաշինյանը դա կանի։ Փաշինյանի բոլոր գործողությունները բացառապես աթոռը պահպանելու համար են, ու կարևոր չէ, թե ինքը քանի՞ լարի վրա է խաղում, այնպես որ, այս կարևոր փաստը որպես ելակետ ընդունելով, մենք նոր կարող ենք վերլուծություններ կատարել ու հասկանալ, որ Փաշինյանն իր աթոռի պահպանությունը վստահաբար դիտարկում է թուրքական տիրույթում, որովհետև ծագումնաբանական և բազմաթիվ այլ առումներով իրեն հոգեհարազատը թուրքական միջավայրն է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով՝ փորձելու է լեգիտիմ ճանապարհով հրաժարվել Արցախի մնացյալ հատվածից՝ Արցախի Հանրապետությունից՝ ամբողջապես։
«Որովհետև ունենք ատրճանակի փողի տակ բանակցող»,- շարունակեց Թևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հարավային Կովկասում թուլացավ Ռուսաստանի ազդեցությունը, ամեն ինչ արեց, որ Արցախում պատերազմ լինի, և Արցախի պարտությամբ Ռուսաստանի դիրքերը թուլացրեց, իսկ Հայաստանը թուլացրեց դրանով իր անվտանգային մեխանիզմները և հիմա գրեթե 100 տոկոսով այդ հարցով կախված է ռուսական և իրանական աջակցությունից, սակայն, քանի որ մեր երկրում իշխանության ղեկավարն ունի բացառապես մեկ խնդիր՝ աթոռի պահպանություն, ուստի դրա համար պատրաստ է գնալ նաև Հայաստանի անվտանգությունը ոչ թե ապահովող, այլ վտանգող՝ թուրքական ուղղությամբ։
«Փաշինյանն իր կաշին փրկելու համար պատրաստ է գնալ ամեն ինչի ու դրա համար մտնում է Թուրքիայի տակ. սա է նրա քաղաքականության վեկտորը։ Ուշադիր նայեք, երբ քերում ես Հայաստանում ցանկացած արևմտամետի տակ, դրա տակից դուրս է գալիս թուրքականը, ուստի քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում, կա մտավախություն, որ մեր երկրում ռուս-թուրքական բախումներում կարող է թուրքականը հաղթել»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանությունների՝ հայկական շահը չսպասարկելու արդյունքն է նաև այն, որ ՀԱՊԿ շրջանակում ուղարկվեց Հայաստանից խաղաղապահ զորախումբ՝ փոխարենը բերելու այն առիթները, որոնք հիմք կտային մեզ դա չանելու։
«Բայց քանի որ այս մարդու համար որևէ արգելք չկա, և մենք գործ ունենք գերվախեցած մարդու վարքագծի հետ, որը նաև գերագրեսիվ է, իսկ միջազգային հարաբերություններում՝ քաղաքական մարմնավաճառ, որոշվեց զորք ուղարկել Ղազախստան։ Ղազախստան զորք մյուս կողմից նշանակում էր նաև՝ պայքարել փողոցային նիկոլների դեմ՝ ընդունելով, որ մարտի 1-ին տեղի է ունեցել Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձ՝ փողոցայինների կողմից, որոնց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ՝ արդյո՞ք 2008 թվականի պես Փաշինյանի հոգին հիմա էլ փառավորվում է, երբ ղազախները զինվում են մահակներով, արդյո՞ք հիմա կասի՝ այն ոստիկանները, որոնք սպանվել են, եղել են ղազախ սրիկա ոստիկաններ։ Սա ճակատագրի հեգնանք է, ինքնախոստովանական ցուցմունք ու յուրօրինակ փչացման գործընթաց։ Փաշինանը զորախումբ ուղարկելով Ղազախստան՝ պարզապես խոստովանեց՝ Մարտի 1-ին ինքը եղել է հանցագործ»,- ասաց Թևանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում