Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե
Վրաստանում հիվանդությունների վերահսկման եւ հասարակության առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաստատել է այն տեղեկատվությունը, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի ներքին տարածումը:
«Ես հաստատում եմ, որ սա ներքին տարածում է: Սրանք արդեն բերովի դեպքեր չեն»,-հայտարարել է Գամկրելիձեն:
Գամկրելիձեն նաեւ նշել է, որ, կանխատեսումների համաձայն, օմիկրոնի տարածման բարձրակետը կարող է լինել փետրվարի առաջին կեսին:
Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող է աճել մինչեւ 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը կհայտնաբերվի լաբորատոր եղանակով: Այսպիսով, մեկ օրում կարող է հայտնաբերվել կորոնավիրուսի 10-15 հազար լաբորատոր հաստատված դեպք: «Այս փուլում օմիկրոնի դեպքերի պատճառով երկրում չի ավելացել հոսպիտալացումը, սակայն ավելացել են թեժ գիծ եւ առցանց-կլինիկաներ զանգերը: Եվ դա սպասելի է, քանի որ օմիկրոնի դեպքերը, դելտա շտամի համեմատությամբ, թեթեւ են ընթանում»,-նշել է Գամկրելիձեն՝ հորդորելով, որ մարդիկ ավելի ակտիվորեն դիմակ կրեն վիրուսի տարածումը կանխելու համար:
Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին: Երկրում վերջին օրերին հայտնաբերվել է վարակման 5486 նոր դեպք:
Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է ախտահարման 968 հազար դեպք, ավելի քան 916 հազարն ապաքինվել է, 14 հազար 264-ը՝ մահացել, հաղորդել է Spitnik-ը: