2021թ. 11 ամիսների կտրվածքով, գրանցվել է մահացության 33.3% աճ՝ նախապատերազմական և նախահամավարակային 2019թ. 11-ամսյակի համեմատ
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․ գ․ թ․ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` 2021թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ-ում գրանցվել են 0.4%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020թ․ հունվար-նոյեմբերին։
Այստեղ ուշադրություն է պետք դարձնել 137-րդ էջի տողատակում նշված ծանոթագրություններին։ Նախ կորոնավիրուսային համավարակը և պատերազմը ներառող 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի թվաքանակի մեջ ընդգրկված են 2021թ. հունվար-մարտին գրանցված, բայց 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններով պայմանավորված մահերը: Միաժամանակ ծանոթագրված է, որ 2021թ. հունվար-նոյեմբերի տվյալների մեջ 237 դեպքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական գործողությունների հետևանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021թ. ապրիլ-նոյեմբերին` հետևյալ պարզաբանմամբ. «… 2020թ. ցուցանիշները կվերանայվեն 2021թ. տարեկան ցուցանիշների ամփոփման ժամանակ»։ Հաշվի առնելով` պաշտոնական տվյալների այս շփոթը, համեմատության մեջ դիտարկենք նախահամավարակային և նախապատերազմական 2019թ. տվյալները ևս։
2021թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել են 33587 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ +0․7%, 2019թ․ համեմատ՝ +1.9%) և 31713 մահեր (+0.4%, 2019 թ․ համեմատ՝ +33․3%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 12.4, իսկ մահացությանը` 11.7։ Մահվան դեպքերի 16%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում` նախորդ տարվա 11 ամսվա համեմատ վիրուսը 93.5%-ով ավելի շատ կյանքեր է խլել։ Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 5079 պաշտոնական դեպքերի` 2019թ. նկատմամբ մահացության աճը կազմում է 2852 մարդ կամ 12%։
Բացի COVID-19-ի աղետալի հետևանքներից` 100%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը։ 10.5%-ով աճել է մեռելածինների թիվը։
ՀՀ բնակչության բնական հավելաճը 11 ամսում կազմել է 1874 մարդ, որը գերազանցում է 2020թ. նախնական ցուցանիշին 6.1%-ով, սակայն զիջում է 2019թ․ համապատասխան թվին 79․6%-ով։ Հատկանշական է, որ հոկտեմբերին ծնունդների թիվն ընդամենը 11-ով է գերազանցել մահերի ցուցանիշին, իսկ հունվարին և ապրիլին մահեր ավելի շատ են գրանցվել, քան ծնունդներ։ Սահմռկեցուցիչ է 2021թ. նոյեմբերի վիճակագրությունը` 3305 ծնունդ և 4577 մահ, հետևաբար բնական նվազումը` -1272։ Այստեղ զգալի է COVID-19-ի ազդեցությունը, որից մահերը նոյեմբերին կազմել են հակառեկորդային 1324 դեպքեր։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում հոկտեմբերն է` 794 մահ, իսկ երրորդ հորիզոնականում` ապրիլը` 773 դեպք։
Նախահամավարակային և նախապատերազմական 2019 թ. 11-ամսյակի համեմատ 10.7%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն, ցավոք, 14.8%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը»։