«Պաշտպանության նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը խնդիրներ չի կարող առաջացնել». Արման Սարգսյան
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ՊՆ Սուրեն Պապիկյանի 21–ամյա օգնականն ի՞նչ խորհուրդներ պետք է տա Պապիկյանին։
«Ի՞նչ կապ ունի, որ 21 տարեկան է, այսինքն՝ Պաշտպանության նախարարի օգնականը պետք է զինվորական լինի՞։ Ինքս զինվորական չեմ և Պաշտպանության նախարարի տեղակալն եմ և իմ առջև դրված խնդիրները, կարծում եմ՝ կարողանում եմ լուծել։ Առհասարակ Զինված ուժերի կառավարումն իրականացվում է Գլխավոր շտաբի կողմից, ես ձեզ տալիս եմ տեղեկատվություն այնքան, որքան կարող եմ և անհրաժեշտ է։ Հետևաբար՝ Պաշտպանության նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը որևէ խնդիրներ չի կարող առաջացնել»,- նշեց Արման Սարգսյանը։
Հետո էլ կարծես իր ասածները հիմնավորելու համար ինքը հարց տվեց լրագրողներին՝ երբ խորհրդարանում հանդես են գալիս որևէ օրենսդրական նախաձեռնությամբ, պարտադիր բոլորն իրավաբաննե՞ր են։ Այնուհետև իր իսկ հարցին բացասական պատասխան տալով՝ լրացուցիչ պարզաբանում էլ տվեց, թե այդ պատգամավորներն ունեն մեծ փորձ ունեցող օգնականներ, որոնք նրանց օգնում են։
Մեկ այլ հարցին էլ, թե փոխնախարարի համար ընկալելի՞ է, որ «խաղաղության դարաշրջանում» թշնամին կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նախ հիշեցրեց, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ, ապա շարունակեց.
«Եվ ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել կրակոցներ։ Դուք տեսել եք պատերազմող երկիր, որը խաղաղության մասին չի խոսել, բոլորն էլ խոսում են, բայց ոչ բոլորն են իրական խաղաղության տենչում»։