«Որևէ մեկն այդ ամենը չի հերքում». Արման Սարգսյանը՝ Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի մասին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։

«Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշեց Արման Սարգսյանը։

Ապա հարց հնչեց Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու և նրանց վերադարձի ժամկետների մասին: Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ չգիտի, թե զորախումբը երբ կվերադառնա, սակայն ասվել է, որ սահմանափակ ժամկետով են նրանք գնում։

Ինչ վերաբերում է զորախումբ ուղարկելու մասին կայացրած որոշման քննադատություններին, Արման Սարգսյանը պարզաբանեց, որ եթե այդ քննադատություններին հետևեն, ուրեմն ըստ դրանց՝ ամեն ինչ շատ վատ է։

«Ամեն վատի մեջ էլ լավը պետք է տեսնել, քննադատությունը պետք է լինի օբյեկտիվ, ինչից իշխանությունը դասեր կքաղի»,- հավելեց նա։

Լրագրողների հարցին, թե ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի ղեկավարության օրոք սկսված կադրային ջարդ է տեղի ունենում, ինչի մասին մամուլը բազմիցս գրել է, Արման Սարգսյանը կարճ հակադարձեց, որ Սուրեն Պապիկյանը կադրային որևէ ջարդ չի սկսել։

 

Տեսանյութեր

Լրահոս