«Ընդհանուր առմամբ այդ կարգի սադրանքներ եղել են ու կարող են նորից տեղի ունենալ». Արման Սարգսյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրւյցում անդրադարձավ սահմանային իրավիճակին և ասաց, որ սահմանը լարված չէ։
«Եթե այս պահին սահմանը լարված լիներ, դուք տեղեկատվություն կստանայիք»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի տարբեր հատվածներում թշնամու արձակած կրակոցների մասին տեղեկություններին, Արման Սարգսյանը նշեց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել։
«Ես ձեզ նույն բանը պետք է խորհուրդ տամ, մենք ամեն ինչ հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությամբ։ Խորհուրդ կտամ հետևել լրահոսին։ Ընդհանուր առմամբ այդ կարգի սադրանքներ եղել են ու կարող են նորից տեղի ունենալ»,- հավելեց փոխնախարարը։
Հայաստանից Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին հարցին էլ Արման Սարգսյանը պատասխանեց, որ հստակ նշված է, թե այդ զորախումբն ինչ գործառույթ է իրականացնելու՝ կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ:
«Այստեղ որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ 100 զինծառայողի բացակայությունը փոփոխություն ենթադրի սահմանային լարվածության համատեքստում։ Սահմանային իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել, որ վերջին շրջանում այդքան լարված չէ, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ որոշակի պահի կարող է լինել որոշակի լարվածություն։ Ինքներդ էլ համոզվել եք, որ հասարակությունից որևէ գաղտնիք չի պահվում»,- շեշտեց Պաշտպանության նախարարի տեղակալը։