ՀՀ մի քանի քաղաքացի Ղազախստանից մեկնելու ցանկություն է հայտնել ու դիմել ՀՀ դեսպանությանը՝ օժանդակելու համար
Ղազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացի դիմել են ՀՀ դեսպանություն՝ խնդրել աջակցություն տրամադրել Ղազախստանի տարածքից դուրս գալու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մեր դեսպանություն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ նրանց աջակցելու համար»,- ասաց Վահան Հունանյանը։
Խոսնակը պարզաբանեց, որ խոսքը ՀՀ երկու-երեք քաղաքացիների մասին է, որոնք, սակայն ՀՀ-ում մշտական չեն բնակվում, պարզապես խնդրել են օժանդակել երկրից դուրս գալու համար։ Հունանյանը չմանրամասնեց՝ ինչ մեխանիզմներով են քաղաքացիներին Ղազախստանից դուրս բերելու։ Հարցին՝ արդյոք նրանք Հայաստան են տեղափոխվելու, Հունանյանը պատասխանեց, որ երկու քաղաքացիները ՀՀ չեն ցանկանում վերադառնալ։
«Դիմումը երեկ երեկոյան, այսօր առավոտյան է ստացվել։ Հիմա պետք է ուսումնասիրեն ու հասկանան՝ ինչպես են անելու։ Երկու հոգու դեպքում՝ նրանք Հայաստան չեն գալու, չեն ցանկանում գալ Հայաստան»։
Խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից մեծ մասշտաբի տարհանման հարցում մտադրություն չկա։