Վահան Բիչախչյանն անհամբեր սպասում է իր նորամուտին «Պոգոն»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է նոր ակումբ՝ լեհական «Պոգոն» ակումբ տեղափոխվելու մասին:
«Ուրախ եմ թիմին միանալու համար: Տեղեկացված եմ, որ հավակնոտ թիմ է, ունի հրաշալի ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ակադեմիա: Փորձելու եմ անել առավելագույնը՝ ուրախացնելով երկրպագուներին»,- Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը շեշտել է նաև, որ անհամբեր սպասում է «Պոգոն»-ի կազմում իր նորամուտին:
Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: Վահան Բիչախչյանը The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն էր համարվում։ Բիչախչյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2020 թվականին: