Օմիկրոն շտամի բռնկման պատճառով ստեղծված դժվարին իրադրությունը կպահպանվի ևս 3 ամիս. ԱՀԿ
COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն օմիկրոն շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ է: Այդ մասին հունվարի 10-ին հաղորդել է Sky News-ը:
Նաբարոն նշել է, որ, բացի օմիկրոնից, կարող են հայտնվել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ, հաղորդում է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եթե Արեւմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի մյուս երկրների բուժհաստատություններն արդեն գերբեռնված են:
Ոչ մի երկրում հնարավորություն չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, հատկապես աղքատ երկրներում, բայց դժվարությունները կլինեն միայն առաջիկա երեք ամիսներին, նշել է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: