Բաժիններ՝

Եթե պետությունն աջակցի՝ տոհմային տնտեսությունը հիմնենք, պատկերացրեք, ճտի ներկրման 60 տոկոսը կկրճատվի, կդառնանք արտահանող երկիր. Թռչնաբույծների միության նախագահ 

«Հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ, գները գրեթե հավասարվել են»,- 2021 թվականն ամփոփելիս դեկտեմբերի 28-ին ասել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Արդյունքները ցույց են տալիս, որ հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ: Հաշվի առնելով նաև գլոբալ փոփոխությունները, որ աշխարհում տեղի են ունեցել, թռչնամսի ներմուծման ծավալների հետ կապված միշտ խնդիր ենք ունենալու, և գնային առումով դրանք գրեթե հավասարվել են տեղական արտադրության թռչնամսին: Խոսքն ամբողջական թռչնամսի մասին է, իսկ կտորներով բաղդատված թռչնամսի մասով գնային տարբերություն կա: Բացի այդ, տեղականը թարմ է, իսկ ներմուծված թռնամիսը հիմնականում սառեցված է լինում»,- ասել էր Գևորգյանը:

Նրա խոսքով՝ սպառողների տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է օգտագործել տեղական թարմ թռչնամիսը, քան սառեցվածը: ՄՊՀ-ն շուկայի զարգացման համար մեծ պոտենցիալ է տեսնում: Հանձնաժողովն այդ ազդակները փոխանցելու է Էկոնոմիկայի նախարարության գործընկերներին, տեղի կունենա համատեղ քննարկում բիզնեսի հետ:

Շուկայի զարգացմանը կողմ է նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

168.amՍերգեյ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է Եվրասիական միության մարմիններին արված առաջարկը՝ Հայաստանում ստեղծել ածան հավերի ու բրոյլերների վերարտադրության տոհմային ֆաբրիկա։ Նա պատասխանեց.

«Այդ գործը կանգնած է: Նախագիծը ենթադրում է կոոպերացիայի սկզբունքով ֆաբրիկաների կառուցում, որոնց կմիանան նաև մեր տեղական արտադրողները: Մենք օգտագործվող բրոյլերների 60-65 տոկոսը դրսից ենք ներկրում, իսկ այս դեպքում 50 տոկոսով կրճատվելու է ներկրումը: Հայաստանում ածան հավեր չեն բուծում, այդ պատճառով էլ տարեկան 2-3 անգամ դրանք պետք է գնել դրսից: Տոհմային համալիրն ամբողջությամբ կապահովի Հայաստանը և՛ բրոյլերներով, և՛ ածան հավերով, իսկ մի մասը թույլ կտա վաճառել նաև ԵԱՏՄ գործընկերներին:

Իրենք ձեռնամուխ եղան, մենք էլ ասացինք՝ Հայաստանում բացենք այդ տոհմային տնտեսությունը և կմատակարարենք ԵԱՏՄ-ին: Թռչնաբուծության մեջ մի առավելություն կա, որտեղ մենք առավելություն ունենք. մեզ մոտ թռչնագրիպ չկա, աշխարհագրական տեսակետից՝ չվող թռչունները մեր մոտով են անցնում: Դե, եթե կարողանանք օգնել, պետությունն էլ աջակցի՝ տոհմային տնտեսությունը հիմնենք, պատկերացրեք, ճտի ներկրման 60 տոկոսը կկրճատվի: Միայն թռչունները ներկրելուց մենք մոտավորապես 50-60 ցենտ ամեն թռչունի համար ծախսում ենք: Եթե ունենանք սեփական հավի մսի արտադրություն, հասնենք գոնե 50 տոկոսի, տարեկան 42-43 միլիոն դրսում ծախսելը կմնա երկրի ներսում: Կարծում եմ՝ սա ազգային ծրագիր է, կարելի է որպես խոշոր նախագիծ անցկացնել: Բոլոր տնտեսությունները վարկի տակ են, հնարավորություն չունեն միանալ, այստեղ մի պահ պետք է պետությունը աջակցի, շարունակենք աշխատանքը:

Օրինակ, երկու շաբաթ առաջ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից մեզ առաջարկել էին, որ իրենց միս վաճառենք: Որ ծրագիրը կյանքի կոչվի՝ արտահանող կդառնանք: Կերի սեփական բազա էլ չունենք, որ պետք է տարիների ընթացքում ունենայինք, որպեսզի ուրիշներին չխնդրեինք»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս