«Ո՞վ էր ասում կովիդի փողերը կերան. հիմքերը բերեք». վիճաբանություն՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրենի և աշխատակիցների միջև

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

«Երբ հարցրեցինք պատճառը, ինձ ասացին՝ դու լավ ես ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Կովիդի ժամանակ մեծ գումարներ հավաքվեց, որ պետք է մենք ստանայինք, հետո տնօրինությունը վեր կացավ, ասաց, որ գլխավոր հաշվապահը փողերը գողացել՝ փախել է: Եթե գողացել, փախել էր՝ ինչո՞ւ չդատվեց: Բավականին շատ նվերներ եկան տարբեր խանութներից. ոչ մի բան չտվեցին, սաղ կրեցին-տարան իրենց տները, մեզ էլ ուղղակի աշխատացրեցին»,- լրագրողներին ասաց Կենտրոնի աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը:

Մյուս աշխատակիցն էլ նշեց, որ վաղուց խոսակցություն կար, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, վերանորոգման է կանգնելու, բայց իրենց խոստացել էին, որ պետք է տեղավորեն ուրիշ բուժհիմնարկներ: Աշխատակիցներից մեկն էլ նշեց, թե լսել են, որ շենքը վաճառվելու է:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանն աշխատակիցներին հարցրեց, թե ուզում են, որ այս շենքերը չսարքվե՞ն, նրանք էլ պատասխանեցին՝ թող սարքեն, բայց իրենց գործով ապահովեն:

«Խնդիրն այն է, որ մեր երկրորդ մասնաշենքը պետք է վերանորոգվի: Զրոյից այդ շենքը պետք է վերակառուցվի, ու մենք պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել, որովհետև հնարավոր չէ՝ մարդիկ ներսը լինելով՝ վերակառուցմամբ զբաղվեն: Դա բաժանմունք չէ, որ ասես՝ մի հատվածը փակենք, մյուսը՝ թողնենք: Բնական է՝ կադրերի հետ կապված խնդիր է առաջանում: Որպեսզի մարդիկ անգործ չմնան՝ քննարկումներ են տարվում, որ հիվանդանոցներից մեկում բացվի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ մի մասը կամ բոլորը կտեղափոխվեն աշխատելու: Բոլորս գիտենք, թե տարիներ շարունակ ինֆեկցիոն հիվանդանոցից ինչքան են բողոքել: Ուզում ենք ունենալ ժամանակակից հիվանդանոց»,- ասաց Աշոտ Սարգսյանը:

Ապա անդրադառնալով աշխատակիցներից մեկի հայտարարությանը՝ նա նշեց. «Ո՞վ էր ասում՝ կովիդի փողերը կերան. հիմքեր ունե՞ք, բերեք, անձամբ կտանեմ իրավապահներին»:

Տեսանյութեր

Լրահոս