Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարի նշագիծը
Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել է 300 միլիարդ դոլարի նշագիծը: Այդ մասին վկայում են Forbes-ի տվյալները:
Forbes Real-Time-ի միլիարդատերերի նորացված ցուցակի տվյալներով՝ Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում ավելացել է 32,6 միլիարդ դոլարով եւ կազմել 304,2 միլիարդ դոլար:
Այսպիսով, նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում: 2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի ակցիաների գները նորացրեցին պատմական ռեկորդը, Մասքն առաջին մարդը դարձավ պատմության մեջ, որի կարողությունը հասավ 300 միլիարդ դոլարի:
Անցյալ տարվա հոկտեմբերին նա 257,6 միլիարդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդը դարձավ Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում:
Մինչ այդ ամենամեծ կարողությամբ մարդը պատմության մեջ համարվել է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունը հասել է 212 միլիարդ դոլարի նշագծին: