Թրամփը Twitter-ը ժողովրդավարության անարգանք է համարել
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական ցանցը ժողովրդավարության անարգանք է համարել: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը հունվարի 3-ին տարածել է նախկին նախագահի մամուլի ծառայությունը:
Թրամփը մեկնաբանել է Twitter-ում Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինի օգտահաշվի արգելափակումը՝ կորոնավիրուսի մասին անհավաստի տեղեկությունների տարածման համար: Թրամփն ինքը Twitter-ում ընդմիշտ արգելափակված է 2021 թվականի հունվարի 6-ին նրա կողմանակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո:
«Twitter-ը ժողովրդավարության անարգանքն է: Դրան չի կարելի թույլ տալ աշխատել այս երկրում: Մարջորի Թեյլոր Գրինը ներկայացնում է բազմաթիվ ազնիվ, հայրենասեր եւ աշխատասեր ընտրողների: Նրանք արժանի չեն նման վերաբերմունքի ստոր Twitter -ի եւ Facebook-ի կողմից: Բոլորը պետք է հեռանան Twitter-ից եւ Facebook-ից: Դրանք տաղտկալի են, ներկայացնում են սոսկ արմատական «ձախերի» տեսակետը, եւ բոլորն ատում են դրանց: Դրանք խայտառակություն են մեր երկրի համար: Իսկ դու, Մարջորի, շարունակիր պայքարել»:
Facebook սոցիալական ցանցը նույնպես արգելափակել է Թրամփին 2021 թվականի հունվարի 6-ից հետո, սակայն պահպանել է ապագայում այդ որոշումը վերանայելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: