Բաժիններ՝

«30-ին ժողով են արել. ամբողջ հիվանդանոցը լացում էր». «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ից ահազանգում են

168.am-ն ահազանգ է ստացել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղից (Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից). այստեղ շուրջ 80 աշխատողի «նախատոնական անակնկալ» են մատուցել՝ դեկտեմբերի 30-ին նրանց տեղեկացնելով, որ շուտով կազատվեն աշխատանքից:

Մեզ հետ զրույցում հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որ երկու անչափահաս երեխայի մայր է ու տան միակ կերակրողը տեղի ունեցած մասին որոշ մանրամասներ պատմեց։

«Շուրջ 20 տարի է՝ աշխատում եմ, ընդամենը 50 տարեկան եմ, իրավաբանը՝Հասմիկը, եկել ու հայտարարել է՝ ազատված եք աշխատանքից, եւ ինձ նման լիքը մարդու՝ 80 հոգու»։

Հարցին՝ ինչ հիմքով են ազատել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չեն տեղեկացրել:

«Մեզ ժամանակ են տվել՝ մինչեւ ամսի 15 – ը եկեք աշխատանքի: Ամսի 30-ին եկել են ժողով են արել, բոլորին սթրեսի են ենթարկել, ամբողջ հիվանդանոցը լացում էր: Ու բոլորին ասում են՝ վերջնահաշվարկ չունեք. պետք է ստորագրեք ու գնաք», -շարունակեց ներկայացնել հիվանդանոցում անցյալ տարվա վերջին աշխատանքային օրը տեղի ունեցածի մասին:

Ի դեպ, ազատման դիմումներն աշխատակիցները հրաժարվել են ստորագրել, սակայն դիմումի մեկ նմուշ փոխանցեցին մեզ: Այդ դիմումն իսկապես աբսուրդի ժանրից էր. ըստ ձեւակերպման՝ իբրեւ թե աշխատակիցներն են խնդրում ազատել իրենց:

168.am-ն այս ահազանգի  մասին լրացուցիչ տեղեկություն և հիմնավորումներ ստանալու նպատակով կապ հաստատեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը  մեզ ուղղորդեց Առողջապահության նախարարություն: Առողջապահության նախարարությունից խոստացան արձագանքել:

168.am-ը կհրապարակի նաեւ նախարարության արձագանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս