
Սպանության փորձ՝ Վեդիում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վեդի քաղաքի բնակչի դեմ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վեդի քաղաքի բնակիչը 2021թ. դեկտեմբերի 31-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով մոտ 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո ավտոմեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ, որից հետո արագ իջել է և տեսնելով, որ ավտոմեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք, որից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը: Վերջինս ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ պայթյունատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: