Կալանավորը «Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կաշառք է տվել. գործը դատարանում է
Կալանավորը «Հրազդան» ՔԿՀ–ի պաշտոնատար անձանց պարբերաբար կաշառք է տվել բջջային հեռախոսն իրենց չվերցնելու համար․ քրգործի նախաքննությունն ավարտվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կալանավորված անձի կողմից ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար տարբեր չափերի կաշառք տալու դեպքեր:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հմայակ Թադևոսյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի մասնագետներ Սաֆար Սաֆարյանի և Սարո Մաթևոսյանի հետ:
Այնուհետև, իր նկատմամբ վերջիններիս հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, ինչպես նաև իր մոտ պահվող, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը հայտնաբերելուն և վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար Հմայակ Թադևոսյանն «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Սաֆար Սաֆարյանի հաշվին 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար, իսկ Սարո Մաթևոսյանի հաշվին` 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել որպես կաշառք:
Կալանավորից զգալի չափերով կաշառք ստանալու համար Սաֆար Սաֆարյանին և Սարո Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Հմայակ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1‑ին մասով /2 դրվագ/:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան: