«Մաղթում եմ, որ 2022 թվականին հայ ազգն իր ծռված մեջքն ուղղի, Հայաստանում ու Արցախում էլ խաղաղություն տիրի». Արծվիկ Սարգսյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրենց բնակավայրերը կորցրած արցախցիների համար արդեն երկրորդ տարին է, ինչ Ամանորը նշելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ տրամադրություն։

168.amի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ ինչ տրամադրությամբ կարող են Ամանոր նշել, երբ բազմաթիվ արցախահայեր անօթևան են՝ տուն ու պատմություն են կորցրել։

«Եթե վերլուծելու լինենք 2021 թվականը, ապա պետք է ասեմ, որ շատ ծանր տարի էր, որովհետև մարդկանց խնդիրները շատ են։ Ամբողջ տարին գրեթե զբաղված ենք եղել այդ խնդիրները որոշ չափով լուծելով։ Այսօր իրենց բնակավայրերը կորցրած արցախցիները շարունակում են մնալ նույն փախստականի, բռնի տեղահանվածի  կարգավիճակում։

Զոհվածների ու բազմազավակների ընտանիքներին վիճակահանությամբ բնակարաններ են տրամադրում՝ Շուշիի, նաև այլ շրջանների բնակիչներին։ Դե խոստանում են, որ այսպես աստիճանաբար բնակարան կտրամադրեն՝ 300 բնակարան էլ Ամանորից հետո կտան։ Եթե այսպես շարունակվի, գոնե մարդկանց հոգսը մի քիչ կթեթևանա, ՀՀ-ում ունենք շատ արցախցիներ, որ բնակարան ունենալուց հետո կտեղափոխվեն Արցախ ու այստեղ կբնակվեն։ Դե ի՞նչ ասեմ՝ հայի ճակատագիր է, դժվարությամբ, բայց ապրում ենք, պետք է ապրել, ստեղծագործել ու արարել Արցախում։ Թեկուզ այս 25 տոկոսը պետք է պահենք ու զարգացնենք, կառչենք մեր լեռներին ու հողին, որպեսզի թշնամին հասկանա, որ մենք բնիկ ենք, ոչ թե իրենց նման եկվոր»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իր միակ ցանկությունն այն է, որ 2022 թվականին հայ ազգի համար դրական ու լավ փոփոխություններ տեղի ունենան, այս հարցում ամեն ինչ կախված է Հայաստանից ու նրա իշխանություններից։

«Եթե Հայաստանում վիճակը լավ լինի, կողմնորոշված լինեն, եթե հայտարարություններ չտարածեն ու կասկածի տակ չդնեն Արցախի անկախությունը, կարծում եմ՝ վիճակը կլավանա, թշնամին էլ իրեն քիչ թե շատ զուսպ կպահի։

Բայց եթե Հայաստանում անորոշ վիճակ է, հակահայ հայտարարություններ են արվում, իհարկե, թշնամին գլուխը բարձրացնում է։ Ես մաղթում եմ, որ 2022 թվականին հայ ազգն իր ծռված մեջքն ուղղի, Հայաստանում ու Արցախում էլ խաղաղություն տիրի։ Ես նաև ուզում եմ, որ բնակարանաշինությունը լայն թափով սկսվի, որպեսզի որևէ արցախցի առանց տանիքի չմնա։ Հայ ազգն այն ազգը չէ, որ նպաստով ապրի, նրան պետք է հնարավորություն տրվի, որպեսզի ստեղծի, իր աշխատանքով վաստակի։ Մեր ազգը պետք է ոտքի կանգնի ու բարգավաճի, այսպես շարունակվել չի կարող, և Հայաստանն ու Արցախը պետք է միասնական լինեն»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս