«Ուզում եմ, որ այս տարի մեր ազգը դուրս գա բարոյալքված վիճակից, վերականգնվեն մեր բոլոր խոնարհված եկեղեցիները». Տեր Վրթանես Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը 168.amի հետ զրույցում ասաց, որ 2021 թվականը Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևոր կյանքն արժևորելու տարի էր։

«Հոգևոր առումով ձեռքբերումների տարի էր, Առաքելական եկեղեցին վերջին մեկ տարվա ընթացքում ավելի միաբանված կերպով փորձեց մարտահրավերները, ունեցած դժվարությունները և իր առջև ծառացած խնդիրները լուծելու գործում կարևոր դերակատարություն ունենալ։ Իմ հոգևոր կյանքի համար էլ տարին յուրահատուկ էր, որովհետև փոխեցի ծառայությանս վայրը՝ Օձունի և ենթաշրջանի հոգևոր սպասավորությունից հետո նշանակվեցի Բյուրականի հովվությունում։ Կարելի է ասել՝ նոր ծանոթությունների, տարածաշրջանի հոգևոր կյանքը վերստին կազմակերպելու առաքելության մեջ եմ եղել։ Փորձել եմ հնարավորինս արագ, կարճ ժամկետներում ծանոթանալ տեղի բնակչությանը, համայնքին, նաև համայնքի հոգևոր կարիքներին, խնդիրներին։

Փառք Աստծո, ունեցել ենք ձեռքբերումներ, եկեղեցում երգչախումբ կազմավորվեց, երգչախմբին ունեցանք նվագակցող, խմբավար։ Կրթական առումով էլ բարեհաջող տարի էր, կորոնավիրուսի համավարակից հետո կարողացանք երեխաներին նորից հավաքել «Խրիմյան Հայրիկ» կրթական կենտրոնում»,- պատմեց Տեր Վրթանես Բաղալյանը։

Ինչ վերաբերում է այս՝ 2022 թվականից ակնկալիքներին,  քահանան հույս հայտնեց, որ գալիք տարի Աստված հայ ազգին ավելի մեծ սեր ու միաբանություն կշնորհի։

«Այդ դեպքում մենք կկարողանանք վերակազմավորել մեր բանակը, կհզորացնենք մեր պետականությունը և տարածքային խնդիրները կկարողանանք լուծել ոչ պարտվողի ու թույլի դիրքերից, այլ հավասարը հավասարի հետ հարաբերություններում ապահովել նաև Արցախի անվտանգությունը, սա համազգային նպատակ է մեր ազգի համար։ Ուզում եմ, որ Աստված մեր ազգին հավիտենական կյանքի անսասան հույս պարգևի, այս տարին թող հոգևոր վերելքի տարի լինի։ Ուզում եմ նաև, որ այս տարի մեր ազգն այս բարոյալքված վիճակից դուրս գա, վերականգնվեն մեր բոլոր խոնարհված եկեղեցիները։ Հուսամ՝ այս տարի կլուծվեն մեր սոցիալ-տնտեսական ու ռազմավարական խնդիրները»,- շեշտեց քահանան։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ամանորը դիմավորել է Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ իրականացրել են Նռանօրհնեք և աղոթք հղել Առ Աստված՝ Հայաստանի ու Արցախի խաղաղության համար։

Տեսանյութեր

Լրահոս