Գործակալը

Մարդիկ կա՛մ իմաստ արտահայտողներ են, կա՛մ իմաստը վերացնողներ։ Այսինքն՝ մարդիկ երկու տեսակի են՝ կա՛մ իմաստաստեղծ, կա՛մ իմաստաքանդ։ Ինչպես և հասարակությունները։

Խորհրդահայ հասարակությունը, որը, այդուհանդերձ, իմաստաստեղծ հասարակություն էր, կերտեց Հայաստանի նորանկախ պետությունը և արցախյան հաղթանակները։

Այդքան փառաբանված անկախության սերունդը վերացրեց Երրորդ Հանրապետության իմաստը։ Վերացրեց մեկի ձեռքով, որը ո՛չ այն է՝ սովետական, ո՛չ այն է՝ անկախության սերնդի ներկայացուցիչ է։

Բայց նրա հայտնությունը պատահական չէր, որովհետև աղետները, եթե բնական չեն, պատահականորեն չեն այցելում հասարակություններին։ Եթե ահա աղետը գալիս է, նշանակում է՝ հասարակության մեջ ու պետության ներսում դրվել է աղետի հիմքը, մարդիկ իջել են այնքան, որ պատրաստ են դարձել արհավիրքի ընկալումին։

Քաղաքական ու սոցիալական աղետները, հիվանդության հանգույն, հանգրվանում են դիմադրողականությունից ու խելքից թույլ հասարակություններում։ Ու հանգրվանելով՝ այդ դիմադրողականությունը հասցնում են անկարելիության այնպիսի աստիճանի, որի դեպքում հասարակությունն անհաղորդ հավանությամբ լսում է՝ ինչպես է իր ընտրածն ուղիղ եթերում անում հայտարարություններ, որոնց համար կամայական մեկին տեղում կձերբակալեին ու ցմահ կդատեին՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։

Բայց քանի որ ժամանակներն այնպիսին են, որ դատում են ամեն ծանծաղ պատճառով, հայրենիքի դավաճանությունը չնչին մի բան է համարվում, որի համար դրսերում շոյում են դավաճանողի գլուխը, ներքին միջանցքներում՝ հաշվում դավաճանությունից ակնկալվող շահույթի չափը։

Հաշվողները, որ խորագետ են հատկապես սեփական եկամուտների հաշվապահության հարցում, բնականաբար, չեն հաշվում, թե ինչ է ծախսել թշնամի պետությունը՝ այստեղ իշխանության բերելու համար մեկին, ով ադրբեջանական քարոզչությամբ զբաղվում է բազմապատիկ ավելի մեծ էնտուզիազմով, քան «խավիարասեր», բայց «դանդալոշ» եվրոպացիները։

Իսկ որ ծախսել է՝ հաստատ․ ադրբեջանական պրոպագանդայով անվճար չեն զբաղվում անգամ ադրբեջանցի պրոպագանդիստները, ուր մնաց՝ հայկական ազգանունով բարձրաստիճանները։

Բացի այդ, անվճար նման բեռի տակ մտնելը կնշանակեր տիեզերական մասշտաբի ախմախություն, ինչը հազիվ թե վավեր բացատրություն է այս դեպքում․մի ողջ պետությանն իմաստազրկելու համար տիեզերական մասշտաբի կարող է լինել միայն սրիկայությունը։

Բայց իմաստազրկողը հաջողել է, որովհետև հասկացել է, կամ հասկացրել են, որ հայ հասարակությունը կարող է ավելի շատ մտահոգված լինել թուրքական փալասի էժանությամբ, քան հայրենիքի հանձնման համար վճարված անչափելի գնով։ Հասկացել է ու այլևս բացահայտ զբաղվում է թշնամական երկրի գործակալի աշխատանքով, ըստ ամենայնի, չափից ու բանականության սահմաններից դուրս եկամտաբեր աշխատանքով։

Նա հաշվարկել է, կամ նրան հավատացրել են, որ գործակալի աշխատանքը ժամանակավոր է, և ապագայում դա փոխարինվելու է բարի կամքի դեսպանի պատվաբեր կարգավիճակով։ Ադրբեջանի, բնականաբար։

Պետությունը չի կարող լինել անիմաստ, ինչպիսին է՛ հիմա Հայաստանը։ Հասարակությունն առանց իմաստի սպառողների անդեմ հավաքականություն է, որը ժամանակի հետ ոչ միայն սովորում է անիմաստ կյանքին, այլ նաև սկսում է սուիցիդալ հաճույք ապրել իմաստի բացակայությունից։
Առանց գոյության ու ապագայի իմաստը վերագտնելու՝ Հայաստանը չի կարող դուրս գալ այն ճահճից, որում կառավարողների միակ նպատակն օտարների բամփումից խուսափելն է ու սեփական հասարակությանն այնքան բամփելը, որ վերանան անգամ ազգակցի ու օտարի, արյունակցի ու թշնամու միջև սահմանագծերը։

Այդ իմաստը պետք է գտնվի, բայց գտնել չի կարող համարվել պետությունն իմաստազրկողից ազատվելու իմաստը կամ նպատակը։

Դա, մեծ հաշվով, տեխնիկական հարց է և շատ ավելի հեշտ լուծելի, քան այն իմաստի, արժանապատվության, հիշողության, ինքնության վերագտնումը, որոնք ամբոխն ու նրա առաջնորդները տրորել են իրենց արշավանքի ճանապարհին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս