Բաժիններ՝

2021թ. նոյեմբերի տվյալներով Հայաստան է այցելել 816.000 զբոսաշրջիկ. մեծ հոսք եղել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2021 թվականը բավական ակտիվ տարի է եղել, թեպետ թվային ցուցանիշները գոհացնող չեն, եթե դրանք համեմատում ենք 2019 թվականի ու դրան նախորդող տարիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները:

«Այս տարվա տվյալները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն նոյեմբերի հաշվարկներով ունեցել ենք 816 հազար ներգնա զբոսաշրջիկ: Կարծում եմ, դեկտեմբերի տվյալներն ամփոփելով, մենք 900 հազարի շեմը կանցնենք: Եթե համեմատենք 2020 թվականի՝ դժվար ժամանակաշրջանի, ցուցանիշի հետ, ապա այս տարվա տվյալները 50 տոկոսվ աճել են: 2019 թվականի հետ համեմատելով էլ տեսնում ենք, որ 50 տոկոսով զիջում ենք: Այսինքն՝ անելիքներ ունենք, որպեսզի 2019 թվականի շեմին հասնենք ու առաջ շարժվենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: Պոտենցիալ երկրների ուղղությամբ սկսվել է մարքեթինգային արշավ, իրականացվել են ճանաչողական այցեր, իրենց ճանաչված պարբերականներում տպագարվել են Հայաստանի մասին պատմող հոդվածներ:

«Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Խոսելով ոլորտի առաջնահերթությունների օրակարգից՝ կոմիտի նախագահի առաջին տեղակալն առանձնացրեց զբոսաշրջության ոլորտի կարգավորմանն ուղղված նոր օրենքի նախագծի մշակումը: Արթուր Խաչատրյանը նշեց, որ մշակման բոլոր փուլերն անցել են, սպասվում է ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկում ու ընդունում: Նրա խոսքով, օրենքի նախագիծը ոչ միայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է մշակվել, այլև Հայաստանն ունի պարտավորություններ ստանձնած ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի նկատմամբ:

«Օրենքը ոչ միայն հնարավորություն կտա ծառայությունների որակն ապահովել: Օրենքով նախատեսվում է զբոսաշրջային օբյեկտների ու սուբյեկտների գործունեության գրանցման համակարգ, ինչպես նաև կամավորության սկզբունքով որակավորում, որը հնարավորւթյուն կտա կայուն և մրցունակ ոլորտ ձևավորել: Նախատեսվում են նաև վերահսկողական մեխանիզմներ, որով շուկան ավելի կկարգավորվի»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

2022 թվականին Զբոսաշրջության կոմիտեն շարունակելու է ակտիվ աշխատանքը ճանաչողական այցերի, զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է մասնակցություն Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում կայանալիք զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին:

Այս տարի Հայաստանը մասնակցություն է ունեցել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովին, այնտեղ Հայաստանն ընդգրկվել է գործադիր խորհրդի կազմում: Համաժողովի ընթացքում վերահաստատվեց, որ տարածշրջանային հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսին Հայաստանում, ինչը լավ ազդակ է: Մոտ 40 պետության ներկայացուցիչներ կլինեն Հայաստանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս