«Եթե Փաշինյանին հրահանգվի իր ընտանիքի անդամներին հանձնել Ստամբուլի գիշերային ակումբներ, առանց մտածելու՝ կհանձնի, կասի՝ դա մարդասիրական ակտ էր». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը 2021թ. հունվարից սկսած բացասական առումով ամենակարևոր իրադարձությունը համարում է այն, որ ընդդիմությունը չկարողացավ համախմբվել և մի ամուր ուժով դեմ դուրս գալ «կապիտուլյանտին և նրա հայատյաց քաղաքականությանը»:
168.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2021 թվականը, Ադիբեկյանը նշեց, որ երկրորդ կարևոր իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի վերընտրվելն էր.
«Մի կողմ ենք թողնում այդ վերընտրվելու ընթացքը, բարոյականությունը, իրականությանը համապատասխանելիությունը, արձանագրում ենք փաստը, որ նա վերընտրվեց և դրանով ամրապնդեց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը նա պատրաստվում է այսօր վարել և վարելու է ընդմիշտ, այսինքն՝ միշտ լինել զիջողական Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած կապրիզների նկատմամբ:
Չնայած նրան, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա՝ կողմերը պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ որ նրանք գտնվում էին փաստաթղթի ստորագրման պահին, Հայաստանն ահագին տարածքներ զիջել է, Ադրբեջանը հակառակը՝ ահագին տարածքներ նվաճել է, և արդեն ներխուժել է ՀՀ տարածք:
Ամենասարսափելին այն չէ, որ նրանք արդեն սկսել են Հայաստանից տարածքներ խլել, այլ այն, որ ՀՀ իշխանությունները լիովին համամիտ են այդ մոտեցմանը և հանդուրժում են, որ դա տեղի ունենա, և փորձում են համոզել հասարակությանը, որ դա օրինական է և այդպես էլ պետք է լինի՝ անտեսելով բնակչության անվտանգությունը»:
Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին՝ նա նշեց, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արցախի բնակչությունը երբևէ այսքան վտանգված չեն եղել.
«Թուրք-ադրբեջանական տանդեմը զավթել է բոլոր բարձունքները և այդ բարձունքներից կրակի տակ է պահում ՀՀ բնակավայրերը, որոնք արդեն սկսել են հայաթափվել: Բացի դրանից, ամենակարևորը տնտեսական առումով Գորիս-Կապան ճանապարհի զավթումն է, ինչը Գորիսը սարքեց կույրաղիք: Նախկինում Գորիսը հանգուցային կետ էր, որով անցնում էր Գորիս-Կապան և Մեղրի ճանապարհը, այսինքն՝ բեռնատարները անցնում էին այնտեղով և Գորիսը ապրում էր, ուներ տնտեսական եռուզեռ, Հայաստան-Արցախ ճանապարհն էր անցնում Գորիսով, հիմա Արցախը արդեն Հայաստանից կտրված է: Ես ինչպես հասկանում եմ՝ ադրբեջանցիները, ռուսները, թե ով, Բերձորում դնելու են մաքսակետ, դա նշանակում է, որ Գորիսը արդեն Հայաստան-Արցախ ճանապարհի հանգուցակետը չէ, և առավել ևս՝ Գորիս-Կապանի հանգուցակետը չէ, դա արդեն բերել է Գորիսի տնտեսական անկմանը և հայաթափմանը: Նույն ճակատագիրը սպասվում է մնացած բոլոր բնակավայրերին՝ Շուռնուխ, Որոտան, Դավիթ Բեկ, Ներքին Խնձորեսկ և այլն, և մնացած բոլոր բնակավայրերը, որտեղ 50 մետրի վրա կանգնած են ադրբեջանական զինված ուժերը»:
Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղերձում շատ հստակ հասկացրեց, որ ոչինչ չի պատրաստվում փոխել և շարունակելու է այս զիջողական քաղաքականությունը, որովհետև դա բխում է Ադրբեջանի շահերից.
«Նա հետևողականորեն մեզ փորձում է բացատրել, թե ինչում է Ադրբեջանի շահը՝ կես բառով չասելով, թե մեր շահը այս ամենում որն է: Չի ասում, որովհետև Հայաստանը այստեղ բացարձակապես ոչ մի շահ չունի»:
Նրա կարծիքով՝ գործող իշխանությունները 2022թ. մնալու են, և զիջումները միանշանակ շարունակվելու են.
«Ասեմ ավելին՝ վաղը չէ մյուս օրը, եթե Երևանի հանձնումը՝ Ադրբեջանին փաստաթուղթ դրվի սեղանին, Փաշինյանն առանց նայելու՝ ստորագրելու է»:
Արմինե Ադիբեկյանի համար հասկանալի է, թե ինչու հայկական կողմը գերեվարված երկու ադրբեջանցուն առանց որևէ նախապայմանի վերադարձրեց Բաքվին:
«Փաշինյանը ֆիզիկապես վախենում է թուրքերից: Նա վախենում է անգամ հրաժարականից, որովհետև նրան կարող են պատժել: Նա ամեն ինչից է վախենում, և նորմալ է, որ մի զանգով նա արագ գերի է վերադարձնում: Ասեմ ավելին՝ եթե վաղը չէ մյուս օրը հրահանգվի, որ նա իր ընտանիքի անդամներին պետք է հանձնի Ստամբուլի գիշերային ակումբներ, առանց մտածելու՝ կհանձնի, կասի՝ դա մարդասիրական ակտ էր:
Փաշինյանը կոնկրետ ֆիզիկապես վախ է ապրում, և հիմա նա անում է այն ամենը, ինչ նրան հրահանգում են: Այստեղ արդեն փողի, իշխանության հարց չէ, այստեղ չափալախի հարց է: Մարդը չափալախի դիմաց մեզ տանուլ է տալիս»,- եզրափակեց Ադրբեջանի հարցերով փորձագետը: