
Մենք ջերմ ժողովուրդ ենք, ուղղակի պետք է մաքրագործվել ատելության այս մթնոլորտից. հոգեբան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը հույս ունի, որ 2022 թվականին ատելության մթնոլորտի փոխարեն՝ կլինի սեր, համերաշխություն և շատ հարցեր կլուծվեն այդ մթնոլորտում:
«Ատելությունը միշտ կազմալուծում է, քայքայում՝ լինի երկու հոգու միջև, ընտանիքում, թե ինչ-որ խմբերում կամ հասարակությունում, իսկ սերը միաբանում է: Ցավոք, ատելությունը միտումնավոր կերպով սերմանվեց՝ շատ լավ իմանալով, որ եթե ուզում ես քայքայել մի բան, այնտեղ մտցրու ատելություն: Ցավոք, մինչև հիմա չենք կարողանում դա հաղթահարել:
Պետք է վերանա ամեն ինչի պատճառը: Պատկերացրեք, մարդը գրիպ է, փռշտում է. եթե աշխատենք փռշտալու դեմ, որպեսզի մարդը չփռշտա՝ հիվանդությունը մնում է: Պետք է աշխատել գրիպի դեմ, որը բուժելուց հետո մարդն արդեն չի փռշտա: Այս իմաստով հարկավոր է լուծել խնդիրները, վերացնել պատճառները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա նշեց՝ տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց միջև՝ լինեն ընկեր թե հարազատ, ատելությունը խորացավ 2021 թվականին, ինչը լավ բանի չի հանգեցնում:
«Ցանկանանք, որ այս տարի վերանան պատճառները: Մենք ջերմ ժողովուրդ ենք, ուղղակի պետք է մաքրագործվել ատելության այս մթնոլորտից, և ամեն ինչ կկարողանանք մարդկային հարաբերություններում իր տեղը գցել. կկարողանանք ունեցած կորուստները վերականգնել, որովհետև սիրո և համերաշխության մթնոլորտը շատ հարցեր է լուծում»,- եզրափակեց հոգեբանը: