Բաժիններ՝

Սեուլը և Վաշինգտոնը համաձայնեցրել են Կորեական պատերազմի ավարտի շուրջ համաձայնագրի նախնական փաստաթուղթը

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են 1950–1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթղթի նախնական տեքստը: Դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնը։

ԿԺԴՀ-ի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մասնակցությամբ զինված հակամարտությունն ավարտվել է զինադադարով, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ կողմերը չեն ստորագրել: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Սեուլը, Փհենյանը, Վաշինգտոնը եւ Պեկինն ամբողջությամբ վերցված պատրաստ են պաշտոնապես անելու դա:

«Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ավելի վաղ հավաստել են պատերազմի ավարտի մասին հռչակագրի ստորագրման կարեւորությունը, իսկ այժմ կողմերը համաձայնության են հասել այդ փաստաթղթի սեւագիր տարբերակի բովանդակության շուրջը»,- նշել է ԱԳՆ-ի ղեկավարը:

Միեւնույն ժամանակ Չոն Իյ Յոնը կարծում է, թե Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերը «հազիվ թե» կարողանան առիթ դառնալ միջկորեական հարաբերությունների բարելավման համար, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թվականին Հարավային Կորեայի Փհյոնչհանում կայացած ձմեռային Օլիմպիադայի ժամանակ:

Այնուամենայնիվ, նշել է նա, Սեուլը դիտարկում է «Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերագործարկման զանազան տարբերակներ»:

Փհենյանի եւ Սեուլի միջեւ հարաբերությունները սառեցված են մնում 2019 թվականից, երբ Հանոյում ապարդյուն ավարտվեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որի կազմակերպմանն ակտիվորեն աջակցել է Հարավային Կորեան: Այդ ժամանակվանից Փհենյանը մերժում է շփումների եւ համագործակցության վերսկսման մասին Հարավի բոլոր առաջարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս