Կապիտալն արտահոսում է Հայաստանից, իսկ դրսի ներդրողներն ասում են՝ STOP. Նաիրի Սարգսյան

2021 թվականը երկնիշ տնտեսական աճով չամփոփելու պարագայում հրաժարական տալու խոստում տված Վահան Քերոբյանը, թեև խոստումը չի կատարել՝   ոչ տարին է փակել երկնիշ տնտեսական աճով, ոչ էլ հրաժարական տալու մտադրություն ունի, շարունակում է աշխատել՝ որպես էկոնոմիկայի նախարար։

Քերոբյանը հրաժարական տալու մտադրություն չունի նաև տված մեկ այլ խոստումը չկատարելու համար՝ եթե միլիոնավոր դոլարների ներդրումների փոխարեն կապիտալի արտահոսք արձանագրվի, իսկ ներդրումների փոխարեն՝ կապիտալն արտահոսում է Հայաստանից, 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում շեշտեց Հայաստանի աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Մենք ունենք տնտեսության զարգացման պոտենցիալ, որը, սակայն, այս Կառավարությունը չի կարողանում օգտագործել։ Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ անվտանգային հարցերը մշուշոտ են։ Իսկ երբ ներդրումները բացակայում են, այսինքն՝ բացակայում են  տնտեսությունը սնուցող երակները, հույս ունենալ, որ 2022 թվականին տնտեսության վիճակը լավ է լինելու,  բացառում եմ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ բացառապես տնտեսվարողների պլանավորումների ու գործադրած ջանքերի հաշվին գուցե ունենանք որոշակի աճ, բայց այդ աճը Կառավարությունն իրավունք չունի վերագրել իրեն,  ինչը, սովորաբար, անում է։

«Այս Կառավարությունն ինքն իր ընդունած բյուջեով խոստովանում է, որ 2022 թվականն ավելի աղքատ տարի է լինելու, ժողովո՛ւրդ, մինչդեռ լավ տարի ունենալու համար սահմանային կահավորումներից  պետք էր սկսել։ Կառավարությունը սահմանամերձ համայնքներում բան չի անում, իսկ եթե Կառավարությունը ռիսկային է համարում ներդրումը սահմանամերձ համայնքներում, ի՞նչ եք կարծում՝ ներդրողը կգնա՞ այդ ռիսկին, իհարկե  չի գնա։ Գիտե՞ք՝ որքան պոտենցիալ ներդրող կարող եմ թվարկել, որոնք անվտանգությունով պայմանավորված՝ Հայաստանում ներդրումներ չեն պատրաստվում իրականացնել. դրսի ներդրողներն ասում են՝ STOP, իսկ տեղի գործարարները կապիտալը տանում են Հայաստանից. բոլոր ոլորտներից կապիտալն արտահոսում է։ Գործարարներն իրենց կուտակած շահույթը Հայաստանից հանում են դուրս՝ դրսի նոր բիզնեսի մեջ ներդրում անելու համար»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս