Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը չի այցելի 2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը որոշել է չայցելել 2022 թվականին Պեկինում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերին, բայց դրա հետ մեկտեղ հավաստիացնում է, որ խոսքը դիվանագիտական բոյկոտի մասին չէ: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հաղորդել է DPA գործակալությունը:

«Ես սպորտի մեծ երկրպագու եմ, բայց այս անգամ ես հաստատ չեմ մեկնի. անցյալում արտաքին գործերի նախարարների համար Օլիմպիական խաղերին չայցելելը նույնպես սովորական բան է եղել»,-հայտարարել է Բերբոկը:

Նա նշել է, որ դա իր անձնական որոշումն է, եւ Գերմանիան դեռեւս ցանկանում է ԵՄ-ի գործընկերների հետ համատեղ դիրքորոշման հասնել այն հարցում, թե հարկավոր է արդյոք Խաղերի ընդհանուր դիվանագիտական բոյկոտ: Ինչպես արդեն հաղորդվել է, ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն:

Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում:

Չինաստանը հետեւողականորեն հերքում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադրանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին:

Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա. բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք էլ չի հրավիրել: Ձմեռային Օլիմպիական խաղերը 2022 թվականին Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս