
Ռուդենկոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցին

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
«Ելնում ենք նրանից, որ դա շուտով տեղի կունենա: Բարձր մակարդակով ձեռք բերված տվյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու հարցում անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
Ռուդենկոն ընդգծել է, որ ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով Հայաստանին և Ադրբեջանին իր օգնությունը համապատասխան բանակցություններ սկսելու հարցում: