
Շոյգուն իրականացրել է Վլադիմիրի պատանի բնակչի երազանքը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կատարել է Վլադիմիր մարզում բնակվող պատանու խնդրանքը, որը ցանկացել է երկինք բարձրանալ զինվորական ուղղաթիռով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության ղեկավարը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» բարեգործական ակցիային: Տոնածառից նա վերցրել է Կիրիլ Ուշակովի բացիկը, որը թռչելու և օդակայանում լինելու ցանկություն էր հայտնել:
Տղայի երազանքն իրականացնել օգնել են Արևմտյան ռազմական շրջանի ավիացիոն էսկադրիլյայի օդաչուները: Կիրիլին և նրա քրոջը՝ վեցամյա Ալիսային, հրավիրել են Վլադիմիրի «Սեմյազինո» օդանավակայան, որտեղ նրանք ուղղաթիռ են նստել: