Սուդանում ոսկու հանքարանի փլուզման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 40-ը
Սուդանում 40-ից ավելի մարդ է զոհվել ոսկու հանքարանի փլուզման հետեւանքով: Դեկտեմբերի 29-ին այս տվյալները հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ներկայումս փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հուսալով գտնելու ողջ մնացածների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանքում զբաղված է շուրջ 46 մարդ: Ում Դարսայա ոսկու արդյունահանման մասնավոր հանքահորում, որտեղ ոսկեբեր հանքանյութի մշակումն իրականացվում է տնայնագործական մեթոդներով, վթարը տեղի է ունեցել անցած կիրակի օրն Արեւմտյան Կարդոֆանի նահանգի Էն Նուհուդի շրջանում:
Փլվել են միանգամից մի քանի հանքուղիներ, ինչը գետնի տակ գտնվող հանքագործների մեծ մասի համար դուրս գալու շանսեր չի թողել: Այդ հանքն արդեն վաղուց էր վթարային դարձել:
Այսպես, հունվարին ապարի փլուզման պատճառով այնտեղ չորս հանքագործ է զոհվել: Ավելի վաղ իշխանությունները հանքարանում արգելել են բոլոր աշխատանքներն՝ օբյեկտում կարգելով պահակախումբ տեղացի ուժայիններից: Սակայն երկու ամիս առաջ, երբ պահակները հեռացել են հանքահորից, բանվորները կրկն ներթափանցել են այնտեղ եւ շարունակել անօրինական արդյունահանումը:
Սուդանի ոսկու տնայնագործական հանքերում զբաղված է շուրջ երկու միլիոն մարդ, որոնք արտադրում են երկրում արդյունահանվող թանկարժեք մետաղի մոտավորապես 80 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: