
Ճապոնիայի կառավարությունն ընդունել է միայնակության դեմ պայքարի ծրագիր

Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 28-ին ընդունել է ծրագիր, որը նպատակամիտված է մարդու միայնակության խնդիրների մեղմացմանը եւ նախատեսում է այդ հարցերի շուրջը կոնսուլտացիաների շուրջօրյա համակարգի ստեղծում: Ենթադրվում է ստեղծել զանազան հարթակներ, որտեղ միայնակ մարդիկ կարողանան աստիճանաբար մտնել շփման մեջ եւ աշխատանքի տեղավորման հնարավորություն ստանալ, հաղորդել է ազգային հանարային հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է անցկացնել համազգային մարդահամար, որը կոչված է պարզելու միայնակ քաղաքացիների ստույգ թիվը՝ նրանց օգնություն ցույց տալու նպատակով: Նախարարների կաբինետի դիվանատանը ստեղծվել է այդ խնդրին նվիրված առանձին քարտուղարություն: Փետրվարին սահմանվել է միայնակ բնակիչների գործերի նախարարի պաշտոն, որն այժմ համատեղությամբ զբաղեցնում է ցածր ծնելիության խնդիրների նախարար Սեյկո Նոդան:
Միայնակության հետ է սերտորեն կապված ինքնասպանությունների խնդիրը, որոնց թիվը Ճապոնիայում 2020 թվականին առաջին անգամ աճել է վերջին 11 տարվա ընթացքում: Անցյալ տարի երկրում կյանքին վերջ է տվել ավելի քան 21 հազար մարդ՝ 912-ով ավելի, քան նախորդ տարի: 2019 թվականին երկրում նշվել է ինքնասպանությունների ամենացածր թիվը՝ 1978 թվականից այդ վիճակագրությունը վարելու ամբողջ ժամանակամիջոցում: Դրանց թիվը կրճատվում էր տասը տարի անընդմեջ, սակայն կորոնավիրուսի բռնկումն ընդհատեց այդ դրական միտումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: