Քաղաքացիներն իրենց հեռախոսներում կունենան հավելված, որի միջոցով կկարողանան հետևել կոնկրետ համատիրության հավաքագրած գումարներին, դրանց ծախսերին. Քաղաքապետ
Երևանի ավագանին դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակն էր՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։
Անդրադարձ կատարվեց համատիրություններին, և քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ համատիրությունը բազմաբնակարան շենքը կառավարելու համար ստեղծվող մարմին է, որի պատասխանատուն բնակիչներն են:
«Կարծում եմ՝ համատիրություններին առաջին աշխատեցնողը պետք է լինեն մեր բնակիչները: Նրանք պետք է լինեն պահանջատեր: Գիտեմ ու հասկանում եմ, որ համատիրություններում խնդիրներ կան:
Որոշ համատիրություններ այս գործող օրենդրությամբ վատ չեն աշխատում: Բայց արդեն տեխնիկական բնութագիր կա, որով նախատեսվում է այն, որ համատիրությունները կառավարելու համար կունենանք ծրագրային լուծում, քաղաքացիներն իրենց հեռախոսներում կունենան հավելված, որի միջոցով կկարողանան հետևել կոնկրետ համատիրության հավաքագրած գումարներին, դրանց ծախսերին»,- մանրամասնեց Հրաչյա Սարգսյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի զարգացման 2022 թվականին ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը՝ երաշխավորելով երևանցիների կյանքի որակի բարելավումը։
Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաք, որտեղ ապահովված կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնարտահայտման հնարավորությունը, բավարարված կլինեն սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների նվազագույն անհրաժեշտ կարիքները։ Զարգացման ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են՝ հարգելու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելը։ Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018- 2023թթ. հնգամյա ծրագիրը: