Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սպասվում է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները:
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:
Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների:
Հանդիպմանը ներկա է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց է ունեցել նրա հետ: