Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում C-400-ի նոր մատակարարումների շուրջ
Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:
«Ներկայում մի քանի պետություններ մշակում են C-400 ձեռք բերելու հարցը, ընթանում են համապատասխան բանակցություններ»,-ասել է նա:
Ռեշետնիկովայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից, որը քաղաքական ճնշում է գործադրում պատվիրատուների վրա եւ սպառնում պատժամիջոցներով, անբարեխիղճ մրցակցության պատճառով մի շարք երկրներ չեն ազդարարում իրենց հետաքրքրությունն այդ համակարգերի նկատմամբ:
«Հենց որ C-400-ի նոր պարտավորագրեր կնքվեն, դուք այդ մասին կիմանաք»,- հավելել է նա:
Մամուլի քարտուղարը նշել է, որ նաեւ արտասահմանյան մի քանի պատվիրատուների հետ են բանակցություններ ընթանում C-350 «Վիտյազ» եւ Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների շուրջ: Ավելի վաղ C-400 համակարգեր են գնել Չինաստանը, Թուրքիան եւ Հնդկաստանը: Չինաստանը եւ Թուրքիան դրանք արդեն ստացել են, Հնդկաստան մատակարարումներն սկսվել են վերջերս:
«Տրիումֆ» C-400-ը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-21 Growler) նոր սերնդի մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է: Նախատեսված է ռադիոէլեկտրոնային եւ հակազդման մյուս տեսակների պայմաններում ռազմավարական եւ տակտիկական օդուժի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: