«Մի ձեռքը ծափ չի տալիս, երկու ձեռքով պետք է ծափ տալ». Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում խոսեց փողոցները, շենքերի նկուղները մաքուր պահելու, աղբ չթափելու կարևորության մասին:
Նա նշեց, որ բազմաբնակարան շենքերում մարդիկ վերանորոգումներ են անում և շինաղբը լցնում են նկուղները, տարբեր կառույցներ են սարքում բազմաբնակարան շենքերի նկուղներում:
«Սա գալիս է համատիրությունների չաշխատելուց: Ու այստեղ մենք խնդիր ենք ունենում: Այսինքն՝ համայնքը պետք է փող ծախսի, որ գնա՝ շինաղբը մաքրի: Ունենք 4500-ից ավելի բազմաբնակարան շենքեր, և այդտեղ, չգիտեմ՝ ի՞նչ հերթականությամբ պետք է գնանք, որ շինաղբը, տարբեր ոչ պիտանի առարկաները հավաքենք: Դրա համար կոչ եմ անում բոլորին՝ պատշաճ պահել նկուղները:
Աշխատանք կա անելու, բայց դա միայն քաղաքապետարանի աշխատանքը չէ: Երբ քաղաքացիները վճարում են 200 դրամ ու պահանջում, որ փողոցները մաքուր լինեն, դա միայն 200 դրամ վճարելով չէ, այսինքն՝ պետք է ծխախոտը գետնին չգցեն, չաղտոտեն: Դա պետք է լինի համատեղ ուժերով:
Մենակ ոչ մի բան չենք կարող անել, համատեղ ուժերով պետք է անենք: Մի ձեռքը ծափ չի տալիս, երկու ձեռքով պետք է ծափ տալ: Այն քաղաքացին, ով ծխում է ու մնացորդը չի գցում գետնին, արդեն մեծ օգուտ է բերում Երևան համայնքին: Հատկապես կանգառներում, կարծում եմ, ոստիկանության հետ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնենք: Հենց տրանսպորտը գալիս է՝ ծխախոտը գցում են գետնին ու գնում են: Պետք է նայել, թե հավաքարարներն ինչ տարիքի կանայք կամ տղամարդիկ են»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: