Որքա՞ն գումար է ծախսվել Երևանում ավտոբուսների ձեռքբերման համար
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ ընդհանուր ավտոբուսների ձեռքբերման համար ծախսվել է 9.2 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դրամ էլ՝ մաքսատուրքի համար:
Ավտոպարկի ընդհանուր ծախսն էլ կազմելու է մոտ 2 միլիարդ դրամ:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ պետք է ունենանք հանրային տրանսպորտի կառավարման կենտրոն, որն էլեկտրոնային, թվային պետք է լինի:
«Տրանսպորտի բարեփոխման ընդհանուր կոնցեպտը դրված է այն տրամաբանության մեջ, որ մի մասը համայնք է սպասարկելու, մի մասը տալու ենք մասնավորին: Մասնավորին տալու համար պետք է նոր չափորոշիչներ մշակվեն: Ընդհանուր կոնցեպտը պատրաստ է, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք: Տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ պետք է իրականացվեն, պետք է ունենանք պայմանագիր, որի շրջանակներում օպերատորներին, որոնք համայնքին ծառայություն են տրամադրելու, համապատասխան կիլոմետրի համար վճարենք գումար: Վարորդը կապ չի ունենա գումարի հետ, միայն կվարի ավտոբուսը: Վարորդներն արդեն ստանում են աշխատավարձ, և եթե նախկինում ունեին նվազագույն աշխատավարձ, ապա հիմա մի քանի անգամ այն ավելի բարձր է»,- մանրամասնեց քաղաքապետը: