«Երևանի 2022 թվականի բյուջեն կանվանեմ անթասիբ». Արման Անտոնյան

Երևանի 2022 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց 36 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ներկա էր ավագանու 37 անդամ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը տեղեկացրեց, որ Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը կկազմեն 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:

Ավագանու անդամ Արման Անտոնյանն իր ելույթում այն անվանեց «անթասիբ»՝ ասելով.

«Նախորդ նիստին ելույթով դիմեցի բոլոր փոխքաղաքապետերին՝ տարեվերջյան ամփոփոփիչ նիստին ճտերին հաշվելու ակնկալիքով, որպեսզի ներկայացնեն իրենց ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացները: Սակայն որևէ արձագանք, հաշվետվության որևէ փաստաթուղթ, ելույթ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ներկայացրած 2022 թվականի բյուջեին, ապա ես այն կանվանեմ անթասիբ բյուջե: Ափսոսում եմ, որ համատեղ քննարկում չի եղել և բազմաթիվ առաջարկներ տեղ չեն գտել ամփոփաթերթում: Ունենք անթասիբ և բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չհամաձայնելով ավագանու անդամի հետ՝ նշեց. «Ընդհանրապես, երբ գնահատական են տալիս՝ նայում են տարբեր ուղղություններով, և եթե 100 միլիոնի առաջարկ եք ներկայացրել, որը չի ընդունվել տարբեր պատճառներով, ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որն իրականացվել է քաղաքապետարանի տարբեր վարչությունների կողմից՝ նման գնահատականի արժանի չէ»:

Երևանի ավագանին հաստատեց նաև Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակն էր՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։

Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը՝ երաշխավորելով երևանցիների կյանքի որակի բարելավումը։ Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաք, որտեղ ապահովված կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնարտահայտման հնարավորությունը, բավարարված կլինեն սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների նվազագույն անհրաժեշտ կարիքները։

Զարգացման ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են՝ հարգելու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելը։ Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018- 2023թթ. հնգամյա ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս