Սահակաշվիլին ապաքինվել է և պետք է վերադառնա բանտ. Վրաստանի արդարադատության նախարար
Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը:
Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 19-ին Գորիի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 50-օրյա հացադուլից հետո վերականողական բուժընթաց անցնելու համար: Նրա փաստաբանները, բուժող բժիշկը եւ հարազատները գտնում էին, որ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում նրան հարկ եղած բուժօգնություն չի ցուցաբերվել:
Ինչպես ընդգծել է արդարադատության նախարարը, Սահակաշվիլին պաշտոնապես դուրս է գրվել Գորիի զինվորական հոսպիտալից եւ Հատուկ ուղղիչ ծառայությունը պարտավոր է եղել դատապարտյալին վերադարձնել բանտ: Սակայն նա չի ենթարկվել ուղղիչ հաստատության աշխատակիցների պահանջին, դիմադրություն է ցուցաբերել, ինչի կապակցությամբ բարձրացել է նրա զարկերակային ճնշումը:
Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայությունը դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտ՝ դա բացատրելով նրանով, որ դատապարտյալի բուժումն ավարտվել է: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին հաղորդել են, որ պլանավորված է նրան բանտ տեղափոխել, նրա առողջական վիճակը վատթարացել է:
Գորիի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախկին նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան որակել է «Սահակաշվիլիին առեւանգելու հերթական փորձ»: Նրա խոսքով՝ զինվորական հոսպիտալը ոչնչով չի տարբերվում Գլդանի բանտային հիվանդանոցից: Դրանից հետո արդարադատության նախարարությունը որոշել է Սահակաշվիլիին եւս որոշ ժամանակով թողնել հոսպիտալում, հաղորդել է Sputnik-ը: