Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրություն է սկսվել
Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց Bayraktar-ների մատակարարումներից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- նշել է Երմակը:
Վերջինիս խոսքով՝ Կիևն Արևմտյան գործընկերների աջակցությամբ այլ մեծածվալ նախագծեր էլ է իրականացնում: Այս համատեքստում Երմակը հայտնել է Միացյալ Թագավորության հետ 2.2 մլրդ դոլարանոց և Ֆրանսիայի հետ 1.3 մլրդ եվրո արժողությամբ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Baykar Savunma ընկերությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր էին կնքել Կիևի շրջանում կենտրոնի կառուցման մասին, որտեղ պետք է իրականացնեին անձնակազմի ուսուցում, ինչպես նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների փորձարկումներ և սպասարկում: