Առաջիկայում շատ բաներ կբացահայտվեն. Մարությանին փիլոնազրկելն ամենը չէր ու նրանից քաղբանտարկյալ չսարքեք. Թեհմինա Վարդանյան

Իրեն Երևանի փայլուն քաղաքապետ համարող Հայկ Մարությանը, ի վերջո, արժանացավ ամենավատ գնահատականին ու դարձավ Երևանի առաջին քաղաքապետը, որը հեռացվեց՝ անվստահության՝ իմպիչմենտի միջոցով, ու նրան սատարող նույնիսկ մեկ մարդ այդ օրը չկար Երևանի քաղաքապետարանի դիմաց։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Երևանի քաղաքապետարանում վերջին շաբաթվա ընթացքում ընթացող զարգացումների մասին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով.

«Մարությանին անվստահություն հայտնելու օրը Երևանի քաղաքապետարանի դիմաց էին միայն ոստիկաններն ու ստերջացված շները. չկար անգամ տասը քաղաքացի, հետևապես՝ չեմ կարող ասել, թե երևանցիներն այդ գործընթացի վերաբերյալ որևէ կարծիք են ունեցել։ Խոշոր հաշվով, եթե երկիրը վաճառեցին, ու մի ողջ ժողովուրդ ոչինչ չարեց, հիմա ի՞նչ, կարելի՞ է սպասել, որ Հայկ Մարությանի հարցը որևէ մեկին կհետաքրքրեր»,- ասաց Վարդանյանը։

Նրա փոխանցամբ՝ Մարությանն այլևս չի կարող որևէ մեկի կողմից օգտագործվել, որովհետև նա սպառված է ոչ միայն՝ որպես քաղաքական գործիչ, այլ նաև՝ որպես լավ դերասան։

«Նա և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուստեք օգտագործեցին միմյանց։ Հայկն արդեն սպառված է՝ որպես դերասան ու պրոդյուսեր  նաև։ Կարծում եմ՝ Մարությանին փիլոնազրկելը դեռ ամենը չէ. առաջիկայում շատ բաներ կբացահայտվեն։ Գուցե Գլխավոր դատախազությունը բացի մեր դաշինքի բողոքը՝ կապված «Կամազ»-ների սկանդալի հետ, որն այն ժամանակ կարճեցին»,- ասաց ավագանու անդամը՝ կոչ անելով քաղաքական տարբեր շերտերի Հայկ Մարությանին քաղբանտարկյալ չդարձնել, եթե վերջինիս շուրջ իրավական գործընթացներ սկսվեն։

Թ․ Վարդանյանն ավագանու նիստերը տապալելու միջոցով ավագանին ցրելու և արտահերթ ընտրության չգնալու Փաշինյանի որոշումը պամանավորեց Հայաստանի իշխող թիմի՝ Երևանում ունեցած ցածր վարկանիշով։

«Երևան քաղաքում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ չեն անցկացվում, որովհետև այսօր երևանցին չի ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությունը Երևանում տապալված է»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Հրաչյա Սարգսյանի միջոցով փրկել Երևանում իր տապալված իշխանությունը՝ դրա համար գործի դնելով իշխանական ռեսուրսները։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս