«Շատ ուժեղ թռչնագրիպ է տարածվում, չենք կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ինչ է լինում, որովհետև կարող է սխալվենք՝ թռչնագրիպն էլ հետը բերենք»
«Մինչև Նոր տարի ձվի շուկայում գնաճ չի սպասվում, իսկ Զատիկին ձվի պակաս չի լինի»,- համոզված է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ ձվի արտադրության ծավալների ավելացումը պայմանավորված է դեռևս մարտ-հուլիս ժամանակահատվածում 180.000 ածան հավի ներկրումով:
«Բերել ենք, ամեն ինչ արել ենք, ուղղակի հիմա դրսում թռչնագրիպն է շատ ուժեղ տարածվում, դրա համար լավ է՝ կոմպլեկտավորեցինք, Զատիկի հարցերն էլ լուծեցինք, արդեն նախապայմաններ կան, որ նորմալ կլինի: Այստեղ թռչնամսի հարցն է. 1 օրական ճտի ներկրումը դժվարացել է. Իրանը փակ է, Ռուսաստանը փակ է: Սիբիրից, Ուրալից, Մուրմանսկից բերելն էլ ահավոր է, շատ թանկ է ու դժվար: Եթե վիճակն ընդհանուր առմամբ կայունանա՝ այդքան մեծ խնդիր չի լինի:
Ուղղակի չենք կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ինչ է լինում, որովհետև կարող է սխալվենք՝ թռչնագրիպն էլ հետը բերենք: Ռիսկայնությունը մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Նա նշեց՝ հունվարից հետո ոչ ոք չի կարող ասել, թե ինչ գներ կլինեն, որովհետև կոմունալ վճարներն էլ են թանկանալու:
«Արդեն անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել. գումարած դրան՝ կերերը մենք դրսից ենք բերում, և եթե Վերին Լարսը փակ եղավ՝ լուրջ խնդիր ենք ունենալու»,- եզրափակեց թռչնաբույծների միության նախագահը: