«Անգամ այնպիսի այլանդակ երևույթ, ինչպիսին Նիկոլի իշխանությունն է, ունի իր ավարտը». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ իր ասուլիսում Փաշինյանն Արցախի վերաբերյալ ասաց այն, հանուն ինչի նրան բերել էին իշխանության:
«Տարօրինակ ոչինչ չկա, կանխատեսելի էր, գալու էր պահը, երբ նա ասելու էր այն, հանուն ինչի իրեն բերել էին իշխանության: Ինքն արեց այն, հանուն ինչի իրեն բերել էին իշխանության, իհարկե, ամբողջ ծավալով չարեց՝ Արցախի մի մասը, այնուամենայնիվ, մնաց հայկական՝ շնորհիվ մեր ստրատեգիական դաշնակցի հատուկ միջամտության: Իր վերջին ասուլիսում նա ասաց այն, ինչ պետք է ասեր, և հանուն ինչի իրեն բերել էին իշխանության: Նա արդեն այդ գաղափարը դրեց շրջանառության մեջ, փաստացիորեն տվեց իր համաձայնությունն այն հեռանկարին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Հիմա բոլոր հայրենասեր գործիչների, անհատների, կառույցների խնդիրն է՝ իրենց հատու խոսքը հնչեցնել այս կապակցությամբ: Արցախը չի լինելու Ադրբեջանի կողմում, Արցախը լինելու է իր այն սահմաններում, որը մենք ունեցել ենք ադրբեջանական ագրեսիայի նախօրեին՝ 2020թ. սեպտեմբերի դրությամբ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն պետք է լինի բոլորի համար: Սա մի հարց է, որտեղ մենք չունենք սակարկելու տեղ, զիջելու տեղ, սա վերջնական կարմիր գիծն է, որը հատելու իրավունք մենք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դավիթ Ջամալյանը նշեց, որ այս իշխանությունը չի արտահայտում Արցախի դիրքորոշումը և իրավունք չունի Արցախի անունից որևէ հայտարարություն անել.
«Ավելին՝ իր ոչ լեգիտիմ կերպով վերարտադրված լինելու, այսօր արդեն իր աջակցությունը հանրության մոտ կորցրած լինելու բերումով նա իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից զիջումների գնալ: Այսինքն՝ այս մարդու խոսքը, նրա գործողություններն արդեն իսկ հիմա լեգիտիմ չեն և մեր պետականակենտրոն ուժերը պետք է հիմիկվանից հստակ իրավաքաղաքական մեխանիզմները և թեզերը մշակեն՝ ինչպես իշխանափոխությունից հետո ի չիք դարձնել այս արարածի՝ մեր գլխին բերած աղետի հետևանքները: Այս մարդը մեզ ներկայացնելու իրավունք չունի: Արցախը մերն է լինելու, Արցախի մեր հայրենակիցները պետք է զգան ՀՀ իրենց հայրենակիցների աջակցությունը: Չկա ու չի կարող լինել Հայաստանի Հանրապետություն, հայոց պետականություն՝ առանց Արցախի, ընդ որում՝ չի կարող լինել հայոց կենսունակ պետականություն առանց Արցախի այն սահմանների, որոնք մենք ունեինք մինչև ադրբեջանական ագրեսիան: Մենք այդ առավելագույն նպատակը պետք է մեր առջև դնենք»:
Նա անդրադարձ կատարեց նաև Գառնիկ Իսագուլյանի կալանավորմանը. «Լռեցնում են այն մարդկանց, ովքեր սթափեցնում են հասարակությանը: Ամեն երևույթ ունի իր ավարտը, անգամ այնպիսի այլանդակ երևույթ, ինչպիսին Նիկոլի իշխանությունն է, ունի իր ավարտը, և այդ ավարտն էլ ունի իր տրամաբանությունը: Այս ռեպրեսիաների ալիքը, որ հիմա ծավալվում է երկրում, մի բանի մասին է հուշում, որ մենք վաղուց թևակոխել ենք այս այլանդակ երևույթի վերջին ստադիան, և այդ վերջը ոչ միայն անխուսափելի է, այլև անբեկանելի է, տեսանելի է: Նման մարդկանց ձերբակալելով՝ դու հարց չես լուծում: Ընդ որում՝ Իսագուլյանի նման մարդը, որի գլխով ինչ ասես՝ անցել է 90-ականներին, հիմա նրան այս խեղկատակությամբ չես ահաբեկի: Վտահ եմ, որ նա դեռ պայքարի առաջնագծում իր խոսքն ասելու է»: