«Հայաստան» դաշինքն առանձնացրել է ամենակարևոր թեզերը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից
Ամենակարևորը Ռոբերտ Քոչարյան/-ի ասուլիսից.
1․ Անվտանգության համար այս տարին կատարյալ ձախողում էր: Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ թե 40-45 կմ-ի, այլ՝ տասնապատաիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ:
2․ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Երկու-երեք դիրքի համար մարտական գործողություններում 30-ից ավելի ռազմագերի ունենալը խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին։
3․ Մինչ օրս չի հրապարակվել պատերազմում զոհվածների թիվը․ պետք էր հուշամատյան կազմել՝ նրանց բոլոր տվյալներով։ Սա պետության վերաբերմունքը կլիներ զոհվածների և նրանց ընտանիքների հանդեպ։
4․ 2018 թ․ կախարդական փայտիկը, պարզվում է, ռեվերսի ռեժիմով է աշխատում։ Պետական պարտքն անցել է 9 մլրդ դոլարի սահմանը։ 2022թ-ին կանխատեսվող 4 տոկոսանոց տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։
5․ Պետության բարձրագույն արժեքը՝ մարդը, փախչում է երկրից։ Արդեն 103 հազար մարդ լքել է երկիրը․ մոտավորապես մի քաղաքի բնակչություն։
6․ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից երկիրը դարձել է տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն։
7․ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից․ ՀՀ ղեկավարը կասկածի տակ է դրել ԼՂՀ անկախության հռչակագիրը, ինչի վրա ձևավորվել է ԼՂՀ-ն։ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։
8․ Քի Վեստի պայմանագրով նախատեսված էր Արցախի միացումը Հայաստանին, լինելու էր 42 կմ լայնությամբ միջանցք նույն կարգավիճակով, ինչ կունենար Արցախը։
9․ Դելիմիտացիայի այլընտրանքը պարզապես այդ պրոցեսին չգնալն է․ առանց երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների դելիմիտացիան չեն սկսում։ Դա դիվանագիտական այլասերություն է։
10․ Հայաստանն իրականացրել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, այն էլ բոնուսով․ տվել է Շուշին ու Հադրութը, հիմա էլ քննարկում են միջանցքի հարցը։ Երբ որ ՀՀ իշխանություններն ասում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել։
11․ Պետք է ձգտել վերականգնել գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը․ ամենավատ բանը չփորձելն է։ Ես հավատում եմ, որ ամեն օր քայլ անելով, ամեն օր քարը քարին դնելով, հնարավոր չէ ինչ-որ տեղ, ինչ-որ չափով հաջողություն չունենալ։
12․ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ Մինսկի խմբի շրջանակներում վերջին բովանդակային քննարկումը եղել է 1996 թ․ հոկտեմբերին։ 1997 թ․ հունվարին ՄԽ համանախագահները որոշել են գումարել նիստ, որի վերջին օրը հայտարարել են, որ անցնում են չելնոկային դիվանագիտության։
13․ Եթե լինեն Երևանի ավագանու նոր ընտրություններ, անպայման մասնակցելու ենք։ Իշխանությունները չգնացին ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ այստեղ կունենան լրջագույն խնդիրներ, չեն կարող կիրառել նույն մոդելը, ինչ Վանաձորում կամ այլ տեղ։
14․ Քրեական օրենսգրքի մեղադրանքներով մի մեծ ուսապարկ շալակած՝ այս մարդիկ ման են գալիս։ Միգուցե սա ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելու համար։ Նրանք վախենում են ու ճիշտ են անում։ Չես կարող այս աղետը բերել քո երկրի ու ժողովրդի գլխին և չվախենաս, հնարավոր չէ։
15․ Ես կողմնակից եմ կիսանախագահական կառավարման մոդելի, բայց դեմ եմ, որ այս ճանապարհով մտնեն սահմանադրական բարեփոխումների մեջ։ Կա լրջագույն կասկած, որ այս ամենն այլ նպատակ ունի․ հնարավորություն ստեղծել ևս ինչ-որ մի տեղ տեղավորվելու։